«Մի՛ վախեցեք, դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. նա այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Հրեշտակն այսպես է ասում, քանի որ մահը նրա վրա հարկադրաբար և բռնությամբ չէր տիրել, այլ Քրիստոս կամովին Իրեն հանձնեց մահվան, որովհետև մահն առաջացել էր մեղքի հետևանքով, և մեղքի միջոցով էլ բոլորին սպանում էր, իսկ Նա, որ անմեղ էր, Իր կամքով էր ընտրել մահը: «Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն», այսինքն՝ Փրկչին, որովհետև շատերն էին այս անվամբ կոչում Նրան, ոչ ճիշտ թարգմանությամբ, այլ որպես զուտ անուն: Նազովրեցի ասելով ցույց է տալիս տեղը: Ցույց է տալիս նաև գործը՝ խաչված, որ Իր կամքով խաչվեց, այլ ոչ հրեաների բռնության պատճառով:
Ուստի և ասում է՝ իրապես հարություն է առել, որովհետև, ահա այստեղ չէ, այսինքն՝ միայն մարմնապես այստեղ չէ, որովհետև չկա մի վայր, որտեղ Ինքը չլինի, քանի որ Իր իշխանությամբ և աստվածային զորությամբ ամենուր է:
Եվ ահա ցույց է տալիս այն տեղը, որտեղ դրեցին Նրան՝ մահկանացուների վայրը, որին դատապարտվեցինք մեր չար գործերի պատճառով, որպեսզի իմանանք, թե ինչ էինք առաջ և գիտենանք, թե ինչ են լինելու հետայսու՝ Քրիստոսի հարությամբ: Ինչպես որ մեկը եթե երկար ժամանակ բանտում գտնվի՝ կապանքների և նեղությունների մեջ, այնուհետև երբ թագավորի պատվին արժանանա, ցույց կտրվի նրան այն վայրը, որտեղ գտնվում էր, որպեսզի հիշի թե ինչպիսի անպատվությունից ինչպիսի փառքի ու պատվի արժանացավ, և որպեսզի միշտ և հանապազ գոհություն հայտնի իրեն այդպիսի փառքի արժանացնողին և երբեք այդ պատիվն իր անձին չվերագրի: Հետևաբար, եթե մեկը փառքի արժանանա, բայց հանապազ հիշի իր նախկին անպատվությունը, երբեք չի հպարտանա և չի մեծամտանա:
Այնուհետև հարության սքանչելի լուրն ավետելուց և Քրիստոսի դատարկ գերեզմանը ցույց տալուց հետո հորդորում է մյուսներին ևս հաղորդել այդ ավետիսը:
Ինչո՞ւ էր կանանց պատվիրում՝ գնալ և ավետիս տալ առաքյալներին, որովհետև ինչպես կնոջ միջոցով մահվան գույժը տրվեց, և նրա խոսքով ու խրատով մահ ժառանգեցինք, այդպես էլ բարի կանանց միջոցով տրվեց հարության և հավիտենական կյանքի ավետիսը:
Եվ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել և ոչ ոքի բան չասացին, որովհետև վախենում էին:
Քանի որ անզոր ու տկար կանայք էին և հրեաների ու խաչողների ահից ու երկյուղից վախենում էին և դրա համար գաղտնի էին եկել գերեզման: Եվ երբ տեսան զինվորներին գերեզմանի մոտ ընկած և հրեշտակի ահավոր ու զարհուրելի տեսիլքը, առավել ևս վախեցան: Թեև սաստիկ էր երկյուղը, սակայն մինչև վերջ լսեցին հրեշտակին, այնուհետև արագ ետ դարձան՝ առաքյալներին ավետիս տալու: Եվ ինչու է Մարկոսն ասում, թե ոչ ոքի բան չասեցին, որովհետև վախենում էին: Սրանով ցանկանում է ցույց տալ, որ կանայք, երբ լսեցին հրեշտակի ասածները, իրենք ոչինչ չխոսեցին հրեշտակի հետ, այլ մտապահեցին լսածը և ոչ էլ պահակների հետ խոսեցին, որոնք դեռևս այնտեղ էին՝ ահավոր տեսիլքից թմրած: Այլ լուռ ու մունջ ետ դարձան, քանի որ վախենում էին, իսկ Մատթեոսն ավելացնում է. «Ահով և մեծ ուրախությամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու» (Մատթեոս 28:8): Այնուհետև ավելացնում է. «Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ ու ասաց՝ ողջո՛ւյն ձեզ. և նրանք մոտենալով՝ նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան»: Ողջույն ձեզ, այսինքն՝ ուրախ եղեք, և նրանց տրված ուրախությամբ ցույց տվեց, որ իրենցից վերցրել է տրտմությունը, որովհետև ի սկզբանե Եվային տրտմության դատապարտեց՝ ասելով՝ տրտմությամբ որդիներ կծնես:
Արդ, այն ժամանակ տրտմություն տվեց, իսկ այժմ ուրախություն է ավետում՝ ասելով. «Ուրա՛խ եղեք», որովհետև դատապարտված Եվան այժմ արդարացավ, վտարանդի Ադամն ահա նորից փառքի ու պատվի կոչվեց՝ իր հավատացյալ սերնդով հանդերձ: Դրա համար էլ ասում է. «Ինձնով բոլոր ազգերը կենդանություն ստացան»:
Իսկ ինչու մինչև այդ պահը ո՛չ տղամարդկանց և ո՛չ էլ կանանց չասաց. «Ուրա՛խ եղեք»: Այն տրտմության պատճառով, որ խաչելության ժամանակ լինելու էր, և քանի որ հարություն եղավ, այլևս տրտմության ոչ մի պատճառ չկա, ուստի և ասում է. «Ուրա՛խ եղեք»:
«Եվ նրանք մոտենալով՝ նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան»: Շոշափելով համոզվեցին, որ ճշմարտապես հարություն է առել, և երկրպագությամբ ցույց տվեցին, որ Աստված է և արժան է բոլորի երկրպագությանը, ինչպես որ ասում է. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների» (Փիլիպեցիս 2:10). ամեն: