Հանդիպում Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ

Հանդիպում Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ

Ապրիլի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի` «Հայ հոգևոր երաժշտությունը արդի մշակութային իրականության համատեքստում» խորագրով հանդիպումը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:

Հանդիպումը Տ. Պետրոսի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխնորդ գերաշնորհ Տ. Նավսարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույնը: ««Արարատյան քննարկումներ» նախագիծը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ է կյանքի կոչվել: Այս լսարանը, որ հավաքվել է այստեղ, վկայությունն է այն բանի, որ այս ձևաչափով հանդիպումների կարիքը կա»,- ասաց Տ. Պետրոսը: Մինչ հայ հոգևոր երաժշտության մասին խոսելը` Վահան Արծրունու առաջարկությամբ ցուցադրվեց Շողակաթ ՀԸ-ի «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» տեսաֆիլմը: Այն պատմում է համանուն ալբոմի ստեղծման աշխատանքների մասին: «Սա իմ երկրորդ հանդիպումն է Արարատյան Հայրապետական թեմում: Առաջինը 2009-ին էր. հենց այստեղ տեղի ունեցավ այս ալբոմի շնորհանդեսը: Իսկ ալբոմ ստեղծելու գաղափարը ծնվեց Հասմիկ Բաղդասարյանի մոտ: Նա առաջարկեց ձայնագրել հայկական շարականներ: Սկսեցինք գործը և հասանք մինչև 12-13-րդ դարեր: Մեր ընտրություն ի վերջո կանգ առավ հինգերոդ դարում ստեղծված այս գլուխգործոցների վրա:

 

Ս. Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն տառերի հեղինակությամբ փրկեց հայ մարդուն ձուլումից ու կործանումից, այլ նաև ստեղծեց շարականների մի ամբողջ շարք (նրան են վերագրվում շուրջ 130-140 շարականներ), որոնց երաժշտականությունն ու հոգևոր ներուժը լեզվական ու ազգային սահմաններ չի ճանաչում: Զամանալիորեն շատ արագ գործիքավորեցի 11 շարական, որից հետո անցանք «արտադրական»` ձայնագրման փուլին»,- ասաց Վահան Արծրունին:- «Հասմիկի հրաշալի կատարմամբ այժմ մենք ունենք մի ալբոմ, որով կարող ենք ներկայանալ աշխարհին: Մեր հասարակությունն այսօր թե´ ճաշակի, թե´ գիտելիքի առումով մոլորության մեջ է, որովհետև երբ չես ճանաչում սեփական մշակույթիդ տիրույթը, երբ չես տարբերում այն սահմանները, որոնք ընդգծում են քո ուրույնությունն ու առանձնացնում քեզ այլ ազգերի մշակութային տեսակներից, շատ հեշտ է մշակութային ձուլման ենթարկվելը, շատ հեշտ է այլ մշակութային տարածքներից արժեհամակարգեր որդեգրելն ու կորցնել այն հիմնականը, որ նկարագրում է քո ազգային, մշակութային ինքնությունը»:

Վահան Արծրունին ուրախ էր նշելու, որ մեր օրերում դպրոցական ծրագրերի մեջ են մտել հայ հոգևոր երաժշտության նմուշները. «Այժմ նաև հիմնական դպրոցում են երաժշտություն անցնում: Յոթերորդ դասարանի ծրագիր մեջ իմ գործերից կան: Իսկ ութերորդ դասարանի ծրագրում ներառվելու են նաև Ս. Մաշտոցի շարականները»: Շարականների ու հատկապես` Ս. Մաշտոցի շարականների մասին խոսեց նաև երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Հարցին, թե ինչ է զգում շարականները կատարելիս, նա չկարողացավ պատասխանել. «Դժվար է նկարագրել կամ բառերով պատմել, թե  ինչ ես զգում»: Իր զգացողությունների մասին խոսելու փոխարեն նա հանդիպման մասնակիցների խնդրանքով կատարեց ալբոմի մեջ տեղ գտած շարականներից մեկը: «Ֆիլմում էլ խոսվում է այն մասին, որ հայկական շարականների ազդեցությունը կախված չէ լեզվի իմացությունից:

 

Մատենադարանի տնօրեն Հրաչա Թամրազյանը պատմեց, որ Հայաստան այցելության ժամանակ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանը Մատենադարանում լսել է անընդհատ հնչող այս ալբոմի շարականները: Ցուցադրությունը թողած` նա իր պրոդյուսերի հետ պատի տակ նստել ու մինչև վերջ ունկնդրել է 11 շարականները: Հետո փորձել են ձեռք բերել` անգամ խնդրել են վաճառել Մատենադարանի օրինակը: Նրան, բնականաբար, մերժել էին: Բանը հասավ նրան, որ սոցկայքերով մեզ գտան ու այնքան համոզեցին, որ ստիպված էինք վերջին օրինակներից մեկն իրենց ուղարկել: Եվ սա այն պարագայում, երբ Գիլանը երաժշտական լրիվ ուրիշ ոճի, ուրիշ աշխարհի մարդ է»,- հարցերին պատասխանելիս ասաց Վահան Արծրունին:  

 

Ամփոփելով հանդիպումը` Տ. Պետրոսը կրկին շնորհակալություն հայտնեց մաշտոցյան շարականները նորովի ներկայացնողներին: «Այս կերպ ոչ մի այն մշակութային, այլ ազգային անվտանգության հարց է լուծվում: Մեր ազգային անվտանգության հարցը մեր ուրույն լինելուց է կախված: Ու դա ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում է արդիական, քանի որ նրանք օտարների մեջ են ապրում: Եվ մաշտոցյան այս մարգարիտների շնորհվիվ մենք մեզ ապահովագրված ու ապահով ենք զգում: Եվ միայն երգելը չի: Երգելով միայն ձայն ենք ստանում: Շարականը պետք է աղոթքի նման հնչի, որ ներգործի»: «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում հետաքրքիր ու  կարևոր թեմաները շարունակվելու են քննարկվել: Այդ կերպ հնարավորություն է  ընձեռելու հայ մարդուն նորովի վերաարժևորել սեփական ժառանգությունը:


Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան    

  • 2021-08-09
×