«Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում» (Ղուկաս 24.50-51):
Հրաշափառ Հարությունից 40 օր անց ողջ տիեզերքում հնչում է Աստծո փրկագործության խորհրդի լրման ղողանջը․ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս համբարձվում է երկինք և նստում Հոր Աջ կողմում՝ իրար կապելով երկինքն ու երկիրը։
Համբարձման տոնն իր մեջ ամփոփում է յուրաքանչյուրի կյանքի իմաստը, քանզի քրիստոնյան հստակ գիտակցում է, որ որքան էլ երկար լինի իրեն ընծայված կյանքի տևողությունը, միևնույն է, մի օր պիտի գնա այս աշխարհից: Իսկ թե ո՞ւր է գնալու, իմանում է հատկապես այն ժամանակ, երբ գիտակցում է, որ կարող է անցնել Քրիստոսի համբարձման ճանապարհով, երբ երկրային կյանքում պահպանած կլինի սերն ու հավատարմությունն առ Աստված և խոնարհ նվիրումը՝ ուղղված Նրա պատգամների կատարմանը։
Երբ նոր քայլել սովորող երեխան ընկնում է, ծնողը խոնարհվում է զավակին բարձրացնելու և նորից կանգնեցնելու համար․ սկզբում բռնում է ձեռքը և քայլում նրա հետ, իսկ հետո թողնում, որպեսզի զավակն ինքնուրույն ու ազատ հետևի իրեն։ Ահա ճիշտ նույն կերպ էլ ողջ մարդկության Ծնողը՝ Երկնավոր Հայրը, խոնարհվեց՝ մարդեղանալով և իր զավակների ձեռքերից բռնելով ու քայլել սովորեցնելով, իսկ հետո առաջ գնաց՝ տալով հնարավորություն ինքնուրույն ու ազատ կերպով Իր ետևից գնալու։ Այսինքն՝ համբարձմամբ Տերը չլքեց մարդկանց, այլ ընկածներին կանգնեցրած ու ճշմարիտ ճանապարհով և ճիշտ կերպով քայլել սովորեցրած լինելով, առաջ անցավ՝ սպասելով նրանց, ովքեր ազատ կամքով կգնան Իր ետևից: Այդ ճանապարհն անցնելու և Իրեն հասնելու միջև ընկած ժամանակահատվածի համար էլ ուղարկեց Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն, որպեսզի ճանապարհին մարդիկ որքան էլ սայթաքեն ու նորից ընկնեն, Նրանից բխող զորությամբ պարուրված՝ վերստին կանգնեն և հստակ քայլերով առաջ շարժվեն։
Քրիստոս համբարձվելով՝ ավելի մոտեցավ մարդկանց։ Չէ՞ որ Նա գնաց երկինք, իսկ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ երկինքը շատ հեռու չէ, և համաձայն Եկեղեցու հայրերի մեկնության՝ յուրաքանչյուր մարդ իր մեջ պահած ունի մի կտոր երկինք, քանզի ասված է․ «Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.6), իսկ հետո, երբ Հիսուս աղոթել սովորեցրեց, ասաց․ «Հայր մեր, որ երկնքում ես․․․» (Մատթեոս 6.9)։ Այսինքն՝ երկնքում գտնվող Հայրը տեսնում և լսում է մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն ինքն իր հետ միայնակ փակված է իր սենյակում, որովհետև երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուր անձի մեջ և Ինքն էլ գտնվելով Երկնքում՝ միշտ մնում է նրանց հետ ու սպասում նրանց դարձին։
Համբարձման տոնը մարդկության պատմության կարևորագույն օրերից մեկն է, հայ ժողովրդի կյանքում կրկնակի իմաստավորում է ստացել, քանզի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: 484 թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թ.՝ հենց Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Քրիստոսի իջման վայրում՝ Սուրբ Էջմիածնում։
Հետաքրքրական են նաև այս խորհրդավոր տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթները։ Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «վիճակ» կամ «ջանգյուլում» անուններով։ Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև, մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում ծաղիկները և շրջում տնետուն՝ երգելով, կատակելով և դրամահավաք կազմակերպելով: Հետո սկսվում է վիճակահանությունը․ ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Համբարձման տոնակատարության գլխավոր հյուրասիրությունն է կաթնապուրը։
Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները, հատկապես՝ Վարդենիկ գյուղի Թուխ Մանուկ, Լուսագյուղի Թուխ Մանուկ, Արցախի Սխտորաշեն գյուղի երկու հազար տարեկան սոսին (նաև Տնջրի անվամբ հայտնի 2000 տարեկան այս սրբազան ծառը ԽՍՀՄ-ի ամենաբարձր և ամենատարեց ծառն է համարվել) և շատ այլ սրբատեղիներ: Ամենանշանավորը Արայի լեռան լանջերին գտնվող Ծաղկեվանքն է, որտեղ, ըստ ավանդության, գտնվում է Վառվառե կույսի գերեզմանը, ով քրիստոնեություն դավանելու համար հալածվել է հորից և թաքնվել Արայի լեռան մի այրի մեջ, որտեղ էլ նահատակվել է: Ավանդույթի համաձայն, նահատակվելուց առաջ Վառվառեն անիծել է այն հովիվներին, ովքեր մատնել էին իր գտնվելու վայրը, և նրանք ոչխարների հետ քարացել են: Վառվառեն խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողներն իր անունով բժշկվեն: Դրա համար էլ այրը կոչվում է «Ծաղկեվանք» կամ «Վառվառե կույսի քարայր»: Այստեղ գալիս են նաև կանայք՝ սրբի բարեխոսությամբ Տիրոջից զավակ խնդրելու:
Համբարձման տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այս տոնը ևս մեկ հնարավորություն է ինքնանորոգման, խոկման և Տիրոջ կողմից մեզ տրված ճանապարհով անցնելու համար՝ քաջալերվելով համբարձյալ Քրիստոսի «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20) ավետաբեր խոստմամբ:
Պատրաստեց
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ