Գրանկյուն․․․«Չարենցի թոռնուհին լինելը մեծ հպարտություն Է»

Գրանկյուն․․․«Չարենցի թոռնուհին լինելը մեծ հպարտություն Է»

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցն է:

 

-Հայ գրականության ամենաբարձր գագաթներից մեկի՝ Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ…

 

-Մարտի 13-ին հայ ժողովուրդը տոնեց իր հանճարեղ զավակի ծննդյան 125-րդ տարեդարձը: Ես պատահական չնշեցի «տոնել» բառը: Ուզում եմ, որ մենք ոչ թե սգանք նրա ողբերգական կյանքը (երբեք չմոռանալով այն), այլ ողջունենք նրա ապրած ամեն մի երջանիկ օրն ու պահը: Իսկ դրանք քիչ չեն եղել: Նա երջանիկ էր, երբ ամուսնացավ, երբ ծնվեցին նրա երկու դուստրերը, երբ սեղան էր նստում ընկերների հետ, երբ գնում էր Զանգվի ձոր «ջուր լսելու»:

 

Տարին, իսկապես, չարենցյան է: Ամենուր Չարենց է: Ես Չարենց տեսա (և հատկապես դա ինձ ուրախացրեց) այն 125 պատանիների աչքերում, որ երթով գնում էին դեպի Չարենցի հուշարձան՝ ամբողջ ճանապարհին ոգևորված արտասանելով: Եվ հասկացա՝  Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդն աշխարհում:

 

-Լինել Չարենցի թոռնուհին…

 

-Չարենցի թոռնուհին լինելը մեծ հպարտություն է.  այդ զգացողությունն առաջին անգամ ունեցա, երբ յոթ տարեկան էի և պիտի հաճախեի Չարենցի անվան դպրոց: Հիշում եմ՝ կանգնեցի դպրոցի բակում գտնվող Չարենցի արձանի առջև, և  այնքան հպարտություն կար իմ մեջ (մի քիչ զարմանքի հետ խառնված), որ իմ պապիկի անունով դպրոց կա, ու այդքան շատ երեխաներ պիտի հաճախեն այնտեղ: Հետագայում հպարտությանը միացավ նաև պատասխանատվությունը:

 

-Չարենցյան լույսով …

 

-Չարենցը իմ իմացած ամենալուսավոր մարդկանցից մեկն է թե՛ իր էությամբ, թե՛ պոեզիայով: Ստեղծագործական բոլոր շրջաններում, իր ամենածանր օրերին անգամ նա չկորցրեց հոգու պայծառությունն ու լավատեսությունը, հավատը իր ժողովրդի և հայրենիքի պայծառ ապագայի հանդեպ՝ փոխանցելով այն իր ընթերցողին.

«Էլի գարուն կգա,

Կբացվի վարդը...»:

«Օրը կգա և նորից կելնե,

կհառնե մշուշից-նայիրյան ոգին...»:

 

-Չարենցյան պատգամը…

 

-Շատ են չարենցյան պատգամները, և եթե ապրես դրանցով, կլինես ճիշտ ուղու վրա: Իհարկե նրա ամենահզոր պատգամը հետևյալն է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», որը որակվեց իբրև «նացիոնալիստական», «հակահեղափոխական»: Նա պատգամեց իր ժողովրդի փրկության, գոյատևման, ապրելու և հարատևելու միակ բանաձևը:

 

-Չարենցյան տողերի արդիականությունը …

 

-Չարենցյան պոեզիան այսօր էլ զարմանալիորեն արդիական է հնչում: Հենց վերը նշված «Ով հայ ժողովուրդ...» պատգամը հենց այն է, ինչ հարկավոր է մեր ժողովրդին: Այն այսօր էլ հաճախ ենք  հանդիպում պաստառների վրա գրված: Չարենցը տվեց բանաձևը, մեզ մնում է միայն իրագործել:

 

-Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:

 

-Շա՛տ կարդացեք, կարդացե՛ք Չարենց: Գիտեմ՝ կասեք բարդ է: Բայց այն նույնքան էլ պարզ է, եթե գտնեք հենց ձեր Չարենցին:

 

Պատրաստեց

Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

  • 2022-05-30
×