Երբ կյանքում կարևորում ենք մարդկային բարձր արժեքներն ու չենք խուսափում մարտահրավերներից, երբ մեզ համար կարևոր, առաջնային են այն բոլոր երևույթները, որոնք աստվածահաճո են, ուրեմն՝ պատրաստվում ենք Տիրոջ Գալուստին և փրկությանը։
Ե՞րբ է լինելու փրկությունը՝ հարցնում ենք ինքներս մեզ, և արդյո՞ք մենք ենք այն արժանիների ցանկում, ովքեր կարող են փրկվել։ Նույն հարցը հնչում է նաև Աստվածաշնչում․ «Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկ. 18:26)։
Արդյո՞ք մենք ենք այն ընտրյալներից, ովքեր արժանանալու են Տիրոջ աջ կողմում դասվելուն, ովքեր արժանանալու են Քրիստոսին էլ ավելի մոտենալուն, արդարացվելուն, ներվելուն։
Մենք այսօր շատ հարցեր ունենք՝ կապված մեր կյանքի ուղու, մեր սխալների հետ։ Արդյո՞ք պատասխանը, որը տալու ենք մեր արարքների համար, ընդունվելու է Տիրոջ կողմից։ Եվ այստեղ է առաջանում է հարցը՝ ինչպե՞ս ապրեմ, եթե չգիտեմ, թե երբ է գալու Նա, եթե չգիտեմ, թե արդյոք մինչ այժմ ապրածս կյանքն արժանի՞ է ներման։
Նման պահերին կրկին դառնում ենք դեպի Սուրբ Գիրքը, որը տալիս է մեր բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ Սուրբ Գրքում գրված է հետևյալը․ «Արթուն մնացեք և աղոթք արեք » (Մատթ. 26:41): Հենց սա՛ է այն , ինչ տանելու է մեզ փրկության։ Չէ՞ որ Տերն ինքն ասաց․ «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21)։
Ուստի՝ ամեն անգամ, երբ կրկին մեզ սկսում են տանջել հարցերը, թե արդյոք հենց մե՞նք ենք ընտրյալների շարքում, թողնե՛նք ամեն բան և աղոթենք։ Աղոթենք Տիրոջ կամքի կատարման, ամենքիս փրկության համար։ Աստծո կամքի և բարեհաճույան շնորհիվ է, որ փրկվելու ենք։ Աստծո ողորմածությամբ է, որ ունենք փրկության և ներման հնարավորությունը։ Ուրեմն՝ խնդրենք Նրա կամքի հարատևությունն ու իրագործումը, մեր աղոթքներում հաստատելով․ «Եկեսցէ արքայութիւն Քո։ Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի»։