Հայրն՝ Արարիչ, Որդին՝ Փրկիչ, Սուրբ Հոգին՝ Մխիթարիչ
Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, ինչը նշանակում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը։
Հրաշափառ Հարությունից հետո Հիսուս Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին…» (Հովհ. 20։22)։ Քրիստոս նաև Իր Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: Ահա այդ է պատճառը, որ Համբարձումից տասն օր անց ենք նշում Հոգեգալուստը՝ Սուրբ Հոգու էջքը։
Ո՞վ է Սուրբ Հոգին
Սուրբ Երրորդության երրորդ անձը՝ Հոր և Որդու հետ ամբողջություն կազմողը։ Նա ևս կատարյալ է։ Սուրբ Հոգին ծնունդ չէ, այլ բխում է Հայր Աստծուց, Էակից է Հորն ու փառակից է Որդուն: Որդին՝ Քրիստոս բացատրեց. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26): Սուրբ Հոգին մխիթարում է ու պահպանում մեզ՝ մինչև Քրիստոսի Գալուստը։
Սուրբ Հոգին ուսուցանում է և ուղղորդում դեպի Աստված, լույսը, բարին։
Սուրբ Հոգին հիշեցնում է, սակայն չի դատում՝ թողնելով այդ Երկնային Դատավորին։ Միաժամանակ հեռու է պահում ամեն տեսակ մեղքից, չարից, որպեսզի ճանաչենք և սպասենք Տիրոջը։
Ինչպե՞ս եկավ Սուրբ Հոգին
Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է Գործք առաքելոցում․ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իրեն հարազատ լեզուն լսելով:
Շնորհներ և Սուրբ Հոգի
Շնորհներն ու Սուրբ Հոգին կապված են, սակայն չեն նույնացվում, քանի որ շնորհները բխում են Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգին Տիրոջ հարությունից յոթ շաբաթ հետո իջավ առաքյալների վրա, ինչը ակնարկում է Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները, որոնք տրվեցին առաքյալներին: Դրանք են` իմաստությունը, գիտությունը, զորությունը, հանճարը, խորհուրդը, աստվածպաշտությունը և երկյուղը:
Այսօր Հոգեգալուստ է։ Քրիստոսի Համբարձումից բխող լույսով մաքրե՛նք մեր հոգիները՝ այնտեղ տեղ տալով Սուրբ Հոգուն՝ Մխիթարչին։ Սպասումը, որ Քրիստոս թողեց մեզ, նույնպես լցված է Աստծո հանդեպ սիրով, Աստծո ներկայությամբ՝ ի դեմս Սուրբ Հոգու։ Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հղենք մեր աղոթքները՝ զգալով Նրանց ներկայությունը մեր հոգիներում, մեր սրտերում ու կյանքում։