Մենք ո՛չ այնքան ուժեղ ենք, որքան կարծում ենք,
և ո՛չ էլ այնքան թույլ որքան պատկերացնում ենք․․․
Մեր կյանքը լի է փոփոխական իրավիճակներով ու փորձություններով, որոնց ընթացքում երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք ճանաչում։ Հաճախ լինում են այնպիսի պահեր, երբ ինքներս մեզ վերագրում ենք ինչ-որ ուժ, որը, ցավոք, չունենք, և կամ էլ հակառակը՝ ետ ենք կանգնում Աստծո շնորհած մեր ուժերից՝ ինքներս մեզ թույլ ու անկարող համարելով։
Երբ այնպիսի իրավիճակում ենք, որի ելքն առայժմ չենք պատկերացնում, սկսում ենք խորհել՝ իսկ եթե սա հաղթահարելն իմ ուժերից վե՞ր է։ Առժամանակ այս խոհերի հետ մենակ մնալով՝ կարծես ինքներս մեզ համոզում ենք, որ, այո՛, իսկապես տվյալ խնդրից ու փորձությունից դուրս գալը վեր է մեր ուժերից։ Սակայն մի պահ թողնենք ինքնաներշնչման այս գործընթացն՝ ինքներս մեզ հղելով հարցը՝ այսպես կարո՞ղ է լինել քրիստոնյայի կյանքում։
Պատասխանն է՝ ոչ։ Մեզ բաժին հասած փորձություններն, անշուշտ, Աստծուց չեն։ Աստված մեզ տալիս է ուժը՝ չարի փորձությունները հաղթահարելու համար։ Աստված ամենատես է։ Նա տեսնում է, թե որքան ծանր է մեր խաչը, և տալիս է մեզ ուժը՝ այն տանելու, դիմանալու ու համբերելու։ Ուստի՝ ինչո՞ւ ենք մտածում, թե մեզ բաժին հասած ինչ-որ փորձության հաղթահարումը մեր ուժերից վեր է։
Պատճառները տարբեր են, սակայն հիմնականում պիտի խոստովանենք, որ փորձությունների պահին նախ մտածում ենք փորձության և մեր մասին, ոչ թե Աստծո։ Ուրեմն՝ սկսենք հենց այստեղից։ «Որովհետև այն, ինչ կարող ես ինքդ անել, պետք է անել, իսկ այն, ինչ չես կարող, Աստված կանի»,- ասել է Սուրբ Հովհան Ոսկեբերանը։ Մեզ բաժին հասած փորձությունների մեջ պիտի ապավինենք Տիրոջը, խնդրենք Նրա աջակցությունը՝ հաղթահարելու դժվարությունները։ Սակայն միաժամանակ էլ պիտի ունենանք այն ներքին համոզմունքը, որ մեր ուժերից վեր ոչինչ բաժին չի հասնում մեզ, որ մեր հույսը Տիրոջ վրա պիտի լինի, քանի որ ինչն իսկապես վեր է մեր ուժերից, Նա վերցնում է Իր ուսերին։
Մենք ո՛չ այնքան ուժեղ ենք, որքան կարծում ենք, և ո՛չ էլ այնքան թույլ որքան պատկերացնում ենք։ Ուրեմն՝ մեր հույսը միշտ Աստծո վրա դնելով՝ շարժվենք առաջ՝ երբեք ու երբեք չհուսահատվելով, թե «սա իմ ուժերից վեր է»։
×