Ճանապարհը, որ Աստծո հետ պետք է քայլել

Ճանապարհը, որ Աստծո հետ պետք է քայլել

Ես միշտ մտածել եմ ու եկել այն համոզման,  որ հավատքը բացահայտվում է «ճանապարհին»: Գուցե, շատերը զարմանան, բայց իրականում, մենք հավատքի մեջ զորանում ենք այն ժամանակ, երբ Աստծո հետ երկար ճանապարհ ենք անցնում: Այդ ճանապարհը անցնելու ընթացքում, ամեն օր ավելի ենք մոտենում Աստծուն, ամեն քայլն անելուց հետո հասկանում ենք, որ մեծ սիրով մի ամբողջ կյանք կքայլենք Տիրոջ հետ ու երբեք չենք հոգնի, չենք ձանձրանա, չենք ասի, գուցե մի քիչ էլ այլ մարդու հետ քայլենք:  

 

Գործք Առաքելոց գրքում, որը Քրիստոնեական Եկեղեցու սկզբնավորման պատմությունն է, Եկեղեցու նախնական անունը «Ճանապարհ» է, իսկ առաջին քրիստոնյաներին կոչում են «Ճանապարհի հետևորդներ»: Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14:6):

 

Իսկապես, Ավետարանը ճանապարհի պատմություն է, չէ որ առաքյալներն իրենց ողջ կյանքն անցկացրին ճանապարհներին, նախ` հետևելով Հիսուսին, ապա` տարածելով փրկության Ավետարանը։ Նրանք քարոզեցին, չարչարվեցին, հաղթահարեցին բազում դժվարություններ, հանուն մեկ նպատակի, որպեսզի մարդկությունը կարողանա ապրել ու գնահատել այն Միակին, Ով կյանք տվեց մեզ, Ով ամեն բան թողեց ու մեր փրկության համար զոհաբերվեց: 

 

Տեր Հիսուս ինքը ծնվեց ճանապարհին։ Լինել քրիստոնյա՝ նշանակում է հետևել Տեր Հիսուս Քրիստոսին, լինել Նրա հետ ու միշտ քայլել այն ճանապարհով, որով Նա է անցել: Ոմանց համար, դժբախտաբար, այդ հոգևոր ճամփորդությունն անցնում է «կասկածների ուղով» ու այդ ամենը հանգեցնում է նրան, որ մարդկանցից շատերը հայտնվում են  «անհավատության փակուղու» մեջ, բայց մեր գլխավոր նպատակը հավատքով դեպի լույսի ճանապարհը բռնելն է:  

 

Ուստի, շատ կարևոր է, որ մեր հոգևոր ճամփորդության մեջ բոլորս կարողանանք հաստատվել հավատքի մեջ, բռնել Աստծո ձեռքը, հավատալ, որ միայն Նրա հետ կարող ենք անհնարինը դարձնել հնարավոր:

 

 

 
  • 2020-06-08
×