Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին։
Այս օրը՝ Հոգեգալուստից մեկ շաբաթ անց, պատահական չի ընտրված։ Չէ՞ որ եթե Հոգեգալուստով Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու սկիզբը դրվեց , ապա Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանե կույսերի նահատակությունը և ապա Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքն էլ դարձան նախահիմքերը, որպեսզի վեր հառնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ովքե՞ր էին Սուրբ Գայանյանց կույսերը
73 քրիստոնյա կույսերից մեկն էր Սուրբ Գայանեն։ Ագաթանգեղոս պատմիչի շնորհիվ այսօր մեզ հայտնի է Հայոց Տրդատ արքայի հետ կապված պատմությունը, երբ վերջինս, տեղեկանալով կույսերի մասին, ցանկանում է տիրանալ գեղեցիկ կույսին՝ Հռիփսիմեին:
Վերջինիս բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Երբ Հռիփսիմեն մերժում է և ընդդիմանում, թագավորը կանչում է Գայանեին, հանձնարարում իր սանուհուն համոզել, որպեսզի վերջինս ընդունի թագավորի առաջարկը: Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է Հռիփսիմեին, որ վերջինս հաստատուն մնա իր հավատքի մեջ, և չփոխանակի երկնքի երջանկությունը երկրավոր փառքի և վայելքների հետ:
Թվում է, թե Գայանեն պետք է համոզեր Հռիփսիմեին, որ թագավորի կամքը կատարի, բայց բոլորովին հակառակը եղավ: Տրդատին այդպես էլ չհաջողվեց տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին, և նա զայրացած հրամայեց սպանել բոլոր կույսերին:
Գայանեն էլ վախճանի արժանացավ և խոնարհաբար ընդունեց նահատակության պսակը։ Նրան չարչարեցին՝ կտրելով նախ լեզուն, որով խրատել էր Հռիփսիմեին, ապա գլխատեցին: Նրա մարմինը հետագայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ամփոփեց տապանի մեջ և կնքեց արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով:
Դաժան ու ցավալի էր կույսերի վախճանը, չէ՞ որ հենց նրանք էին Քրիստոսի հետևորդները, նրանք էին, որ իրենց անձն անգամ ուրանալով՝ քայլում էին Քրիստոսի ցույց տված ճանապարհով։ Պարտվեցի՞ն նրանք իրենց նահատակությամբ։ Բնավ։ Ոչ ոք չի պարտվի, եթե նրա հետ է Քրիստոս։
Նրանք հաղթեցին, քանի որ զինվորներն էին Քրիստոսի հավատքի, քանի որ աներեր էին, անսասան հավատքի մեջ, քանի որ իրենց կյանքն ու մահն անգամ հանձնել էին Քրիստոսի տնօրինությանը։ Երկմտելու տեղիք նույնիսկ չկա, թե ով հաղթեց և ով պարտվեց։ Աստվածաշնչյան այն դրվագին է նման կույսերի կյանքը, երբ «Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր այրվում» (Ելք 3։2)։ Նրանք էլ վառվեցին զանազան դաժանագույն փորձություններում, սակայն չմոխրացան, չայրվեցին, քանի որ ունեին Քրիստոսին։
Այժմ Սուրբ Գայանե մայրապետի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Սուրբ Գայանե վանքը, ուր ամփոփված է նաև սրբուհու դամբարանը:
Սուրբ Գայանյան կույսերի հիշատակության այս օրը սրբուհու անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ։