Նա եկավ, որ լուսավորի մարդկանց ու աշխարհը

Նա եկավ, որ լուսավորի մարդկանց ու աշխարհը

301թ-ին հայ ժողովուրդը աշխարհում առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սուրբ գործի իրականացնողը Ս. Գրիգոր Լուսավորիչն էր՝ Տրդատ Գ թագավորի աջակցությամբ:

 

Ըստ ավանդության, Խոր վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է շուրջ 13 տարի: Նրա բանտարկության տարիները աներևակայելի էին, և այնտեղ կենդանի մնալը Աստվածային հրաշք կարելի է համարել

 

Աստվածային գթությամբ մի այրի կին ամեն օր գաղտնի զնդան է նետել հաց, և մի հրեշտակ ամենօրյա այցելություններով քաջալերել է Ս. Գրիգորին: Առաջին հայացքից թվում է, թե սա աներևակայելի մի պատմություն է, բայց փաստերը անհերքելի են: Աստվածային հզոր ուժը կարող էր փրկել 13 տարի զնդանում անցկացրած մարդու կյանքը:

 

Դեպի լույսը տանող ճանապարհը, Գրիգորի համար շատ պատահաբար բացվեց:

 

Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հոգեկան ծանր ապրումների մեջ էր դրել Տրդատ թագավորին: Շատ չանցած՝ թագավորը տառապում է խոզակերպություն կոչվող հիվանդությամբ։ Նրա հիվանդությունը օրեցօր դառնում էր մտահոգիչ:

 

Նույն հիվանդությամբ վարակվում են նաև թագավորի մերձավորներն ու ծառաները, բացի Խոսրովիդուխտ արքայաքույրից: Նրա տեսիլքն է հետագայում դառնում պատճառ, որ Գրիգորը Լուսավորիչը ազատվի այդ ծանր կապանքներից:

 

Ս. Գրիգորը, երբ տեսնում է հիվանդ Տրդատին, խորապես հուզվում է և, ծնկի գալով, սկսում աղոթել: Այս տեսարանը ցնցող տպավորություն է թողնում թագավորի վրա. ինքն ու նախարարները նույնպես ծնկի են գալիս սրբի առջև և արցունքոտ աչքերով աղոթում. «Խնդրում ենք, ներիր մեզ մեր հանցանքները, որ գործեցինք քո դեմ»: «Ես էլ ձեզ նման մարդ եմ,- պատասխանում է Գրիգորը,- դուք ճանաչեք ձեր Արարչին՝ երկնքի և երկրի ստեղծողին, Նա՛ կարող է ձեզ բժշկել»: Ինչպե՞ս կոչել այն հրաշքը, որ տեղի է ունենում թագավորի հետ: Աստվածային գթության և հոգատարության բացառիկ մի օրինակի ենք ականատես լինում

 

Գրիգոր Ա Լուսավորիչը հիմնել է Հայ եկեղեցու առաջին թեմերը, Հայաստանի տարբեր գավառներում կառուցել նոր եկեղեցիներ, քարոզել Ավետարանը, ծավալել կրթական գործունեություն: Գիտակցելով, որ հեթանոսությունը խոր արմատներ ունի ժողովրդի գիտակցության մեջ՝ Գրիգոր Լուսավորիչը թագավորի աջակցությամբ ստանձնեց նոր սերնդի լուսավորության ու կրթության գործի կազմակերպումը: Այս բացառիկ անձի շնորհիվ է, որ մենք դարձանք քրիստոնյա՝  լուսավովելով և լուսավորելով մարդկանց ու աշխարհը:

 
  • 2022-06-18
×