Այս օրը դրվեցին մեր Եկեղեցու հիմքերը։ Այս օրը լույսով լցվեցին մեր հոգիները։ Սուրբ Գրիգոր Լուսավորչին տեսիլքով երևացած Եկեղեցու՝ մեր դարավոր հավատի վկայի հետ վեր հառնեց, կառուցվեց նաև մեր հավատքն առ Տերը։
Ինչպիսի՞ն է քրիստոնյաներիս համար այս լուսավոր օրվա՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման ավանդությունը
Ավանդությունը մեզ փոխանցում է հետևյալ դրվագը, որը մեր Եկեղեցու համար ամենակարևորներից է։ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը։ Լուսավորչի տեսիլքում երկինքը բացվում է, և Աստծու Միածին Որդին Իր հրաթև ու լուսեղեն զորքերի ուղեկցությամբ իջնում է Վաղարշապատ քաղաքի շեն տեղը, մուրճով հարվածում է սանդարամետի մեհյանին և այն ջախջախելով խորտակում: Ապա սուրբը տեսնում է նախկին մեհյանի տեղում կանգնած ամպեղեն ու լուսեղեն մի տաճար՝ սյուներով ու կամարներով կառուցված: Արդյունքում՝ հայոց մեջ վերջնականապես ջնջվում է կռապաշտությունը և փոխարենը կանգնեցվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Եկեղեցու հայրապետական իշխանությունը, որով մարմնավորվում է Հայաստանում երեք դար շարունակ առաքելական քարոզությամբ ձևավորված հավատը:
Քրիստոս ցույց էր տվել վայրը, ուր պիտի կառուցվեր Տաճարը, և այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ իջավ Միածինը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:
«Էջմիածինն ի Հօրէ» շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է: Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա, ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:
Թեև Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, այդուհանդերձ, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին. «Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի…..»:
Այսօր Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն սրբությունները` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Գետարգելի սուրբ Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասունքներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի մասունքները, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները և այլ սրբություններ:
Էջմիածնի Մայր տաճարն էլ մի մասունք է, որ հանձնված է սերունդների պահպանությանը։ Մայր Տաճարի պահպանությամբ է, որ պահպանելու ենք մեր հավատը։ Չէ՞ որ այն սոսկ մի շինություն, կառույց չէ, այլ մեր հավատքի վկան, որ ունի դարավոր պատմություն և անքննելի զորություն։