Այնքան դժվար է խոսել ապրած ցավի մասին, հատկապես, երբ այդ ամենի միջով անցնելուց միայնակ ես եղել, չի գտնվել մեկը, ով պատրաստ է եղել օգնել իր խորհուրդներով, հուսադրող մտքերով, կամ գոնե պարզապես իր ներկայությամբ: Ու այս ամենը ապրելուց ու հաղթահարելուց հետո, ավելի լավ ես զգում Տիրոջից եկած ուժը ու այն հավատը, որ Նա է մեզ փոխանցում:
Ես գիտակցում եմ, որ Տերը հենց այնպես չի տալիս այդ փորձությունները մեզ: Նա գիտի, որ մենք կարող ենք այդ ամենը հաղթահարել ու նորից ապրելու ուժ գտնել: Մեզ համար օգտակար են փորձությունները, եթե պայքարում ենք էտ ամենի դեմ հավատքով և փորձում դաս քաղել դրանցից: Այդ ընթացքում հնարավորություն ենք ունենում անդրադառնալ մեր կյանքի ընթացքին, Աստծո հետ հարաբերություններին, կարևորն արժևորելուն: Ի վերջո, փորձության ժամանակ ավելանում է կյանքի փորձը, ամրապնդվում անգամ նեղությունների մեջ առ Աստված հավատարմությունը:
Գիտեք, ամենից հետաքրքիրը որն է, ամեն փորձության հետ մենք այլևս առաջվանը չենք լինում:
Հակոբոս առաքյալն իր թղթում ասում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (1.2): Առաքյալը նաև սովորեցնում է, որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի (1.13): Ուրեմն, Աստված Ինքն ուղղակիորեն փորձություններ չի բերում, բայց նախախնամությամբ թույլ է տալիս, որ մարդն ընկնի փորձության մեջ` իր հետագա կյանքի օգտի համար:
Ուրեմն, ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից: Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13):
Հետևաբար այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, եթե ամուր պահենք հավատքը և երբեք չմոռանանք Աստծո խոսքն ու պատվիրանները: