Աստված մեռածների՞նը, թե՞ ողջերինն է

Աստված մեռածների՞նը, թե՞ ողջերինն է

«Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի,
որովհետև բոլորը նրա համար կենդանի են»  (Ղուկ. 20.38)

 

Երբեմն, լինելով քրիստոնյա ու ունենալով գիտելիքներ մահվան մասին՝ քրիստոնեական տեսակետից, միևնույնն է՝ կասկածում ենք։ Սա ինչ- որ չափով նաև արդարացված է։ Արդարացված՝ ոչ ուղիղ իմաստով, այլ՝ ելնելով մեր բնույթից։ Չէ՞ որ մարդ իր բնույթով կասկածամիտ է և երբեմն անհավատորեն է նայում նաև ամենապարզ ճշմարտություններին։ Գիտե՞ք՝ ինչու։ Քանի որ չի փորձել։ 

 

Այդպես եղավ նաև առաջին տղամարդու ու կնոջ պարագայում՝ փորձելուց և մեղքի դառնությունը ճաշակելուց հետո միայն հասկացան՝ Աստված ճիշտ էր, դրախտը՝ պարգև։ Այդպես է նաև այսօր՝ այս հարցում։ Այո՛, մենք հավատում ենք, սակայն միաժամանակ նաև չգիտենք՝ ինչպես է լինելու հանդերձյալ կյանքում: 

 

Թեև Քրիստոս մեզ պատմել է, պատրաստել է հարուցյալ  կյանքին, որ սկսվելու է Իր Գալուստով, սակայն մենք դեռևս վստահ չենք, քանզի մեզ հետ դա չի կատարվել։ Մի բան հստակ է՝ հանդերձյալ կյանքում, ինչպես նաև Քրիստոսի Երկրորդ Գալուստից հետո հաղթելու է բարին։ Եվ ուստի նաև՝ լավ է լինելու բոլոր այն մարդկանց համար, ովքեր այսօր, այս պահին բարիք են գործում։ Նրանք են, որ իսկապես ճանաչում են Տիրոջը, և գիտեն, որ ոչ մի բարի գործ անպատասխան չի թողնի։ 

 

Մեր կյանքը գնահատում ենք՝ մահվան հետ համեմատությամբ։ Կյանքն իր արժեքն է ստանում իր ավարտունությամբ, քանի որ մտածում ենք, որ մեր սահմանափակ ժամանակը պետք է բարի ու օգտակար գործերին նվիրենք։Կարճ ժամանակն է, որ մեզ սահմանափակում է՝ դրդելով բարիք գործելուն։ 

 

Մահվան պատուհանից մենք ավելի լավ, ավելի ճիշտ, ճշգրիտ ու պարզ ենք տեսնում կյանքը՝ սարսռալով մահվան ահագնությունից ու հզորությունից։ Սակայն մի պահ, երբ այս պատուհանից նայենք Աստծուն, կտեսնենք, որ Տերը միշտ մեզ հետ է։

 

Նա մեռածների Աստվածը չէ, սակայն ոչ այն պատճառով, որ լքում է նրանց, այլ քանզի ինչպես ասվում է Սուրբ Գրքում «որովհետև բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկ. 20.38)։

Ապրեցնե՛նք մեր հոգին բարի գործերով, որպեսզի ուր էլ որ լինենք, այնտեղ հավիտյան բնակվի Ինքը՝ Տերը։

 
  • 2022-06-27
×