Հավատքի ճանապարհին շատ անգամներ, մենք փորձվում ենք, հայտնվում դժվարությունների և նեղությունների մեջ ու այդ պահին շատ կարևոր է հասկանալ, ինչու՞ ենք մենք փորձվում, ո՞րն է դրա իմաստը ու ի՞նչ է տալու այն մեզ:
Նեղությունները միտված են մեզ ավելի ամուր դարձնել, եթե ուժ գտնենք դրանք հաղթահարելու: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ փորձությունների ժամին տրտունջն ու դժգոհությունը դուրեկան են սատանային, մինչդեռ ճիշտ պահվածքը Աստծո օրհնությունն ու օգնությունը խնդրելն է, որից սատանան փախչում է, իսկ աստվածային օգնությունը` արագ հասնում: Այսպիսով, փորձությունների ժամանակ չպետք է տրտնջալ, դժգոհել:
Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ում սիրում է, նրան խրատում է (Եբր. 12.6): Աստված թույլ է տալիս փորձությունը մարդու ընթացքը դեպի Իրեն հաստատուն պահելու կամ ավելի մեծ փորձանքից փրկելու համար, և չնայած մենք կարծում ենք, որ փորձությունները գալիս են չարից, Աստված չարիքներից անգամ կարողանում է մարդու համար մեծ բարիքներ հանել:
Երբ հանդիպում ենք հավատքի փորձությանը, ինչ էլ որ լինի, չպետք է շրջվեք Աստծուց: Աստծո արքայությունից չպետք է հեռանանք, այլ հակառակը, ամեն ջանք պետք է թափենք, որպեսզի Աստծո հետ մեր կապը ավելի ամրացնենք, դառնանք Նրա հետ մեկ մարմին, որովհետև միայն այդ դեպքում անհնար կլինի մեր ու Նրա բաժանումը:
Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն:
×