Աշխարհում ամեն մի լավ փոփոխություն ներսից է սկսվում

Աշխարհում ամեն մի լավ փոփոխություն ներսից է սկսվում

Գրանկյուն

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը գրող Հերմինե Ավագյանն է:

 

-Գիր ու գրականության աշխարհում…

-Հասկանում ես, որ մարդու առաքելությունն անվերջ սովորելն է, որ մի կյանքը քիչ է սովորելու համար, որովհետև ինչքան շատ ես ընթերցում, այնքան ավելի ես հասկանում, որ ոչինչ չգիտես, որ գիտելիքն անսպառ է, որ դու մի փոքրիկ կաթիլ ես այդ անեզր օվկիանոսում, ու եթե  երբևէ քեզ հաջողվել է քո կաթիլով հագեցնել որևէ մեկի ծարավը, ապա դու ամենաերջանիկ մարդն ես։

 

-Գրքերը, որ ծնվում են մեր օրերում…

-Անհաշիվ են, որովհետև հիմա բոլորը գրում են։ Կան գրքեր, որոնց ծնունդը երեխայի պես է՝ չես կարող չուրախանալ, չպատմել բոլորին, թե ինչ սիրուն դիմագծեր ունի նա, թե ինչքան ես իմաստնանում նրա հետ շփվելիս, ինչքան բան ես կարևորում կյանքում, ինչքան ես բարձրանում ինքդ քեզանից, աճում ես, զգում, որ կարծես մարդ ես դառնում։

Կան նաև գրքեր, որոնց  չլինելուց գոնե մի օգտակար բան կլիներ՝ թուղթ կխնայվեր։ Ցավոք, նման գրքերը նույնպես մեր օրերում շատ են։ Մի հարց է տանջում՝  ավելի լավ չէ՞ լինել լավ ընթերցող, քան թե սեփական խոտանդ հանձնել ընթերցողին․․․

 

-Մանկությունը...

-Սկիզբն է, ակունքն է, այն միշտ մաքուր է, հետո կյանքդ սկսում է հոսել, ու չես իմանա՝ որտեղով կհոսի, մաքո՞ւր կմնա, թե՞ կպղտորվի, քարե՞ր կնետեն այնտեղ, թե՞ կհագենան խմելուց, կհասնե՞ս երանելի ափերին, թե՞ կկորչես ծանծաղուտներում։

Մանկությունը նաև առաջին սիրո պես է․ ինչ էլ դրանից հետո լինի քո կյանքում, առաջինը չես մոռանում, հիշում ես, պատմում ես, անկեղծ ժպտում հիշելիս։ Դրանից հետո ամեն բան շարունակություն է։

 

-Ներդաշնակությունը…

-Այն է, երբ հաշտ ես քո ներսի մարդու հետ, երբ վեճեր ու չպարզած հարցեր չունես  ներսի մարդու հետ, երբ հաշվի ես նստում նրա հետ, ընդունում նրան․․․ Այս աշխարհում ամեն մի լավ փոփոխություն ներսից է սկսվում, ներդաշնակության աղբյուրն այնտեղ է։

 

-Խաղաղություն որոնելիս…

-Միշտ հանդիպում եմ պատերազմին, ու պատերազմն ինձ ասում է՝ դուք չկարողացաք իրար սիրել, դրա համար ես դեռ ապրում եմ ձեր մեջ, դրա համար բոլորը գնում են, բայց ես միշտ գալիս եմ․․․

 

-Եվ, այնուամենայնիվ…

-Բոլոր պատերազմներից հետո որոշ երեխաներ որոշ լուսանկարներ այդպես էլ չեն ունենում, որովհետև այնտեղ մի հոգի միշտ պակասում է․․․

 

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Ընկերություն  արեք գրքերի հետ, իսկական ընկերությունը գրքերի հետ է, ինչքան էլ մարդիկ խանդեն գրքերին։

 

Պատրաստեց

Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

  • 2022-07-03
×