Սուրբ Հովհան Ոսկեբերան
Քրիստոս Իր մարդեղությամբ ցանկացավ սովորեցնել մեզ բոլոր առաքինությունները ոչ միայն խոսքով, այլև գործով, ինչն ուսուցչի ամենալավ ուսմունքն է։ Եվ քանի որ Նա եկել էր ուսուցանելու բոլոր առաքինությունները, թե խոսքով էր խրատում և թե՝ գործով. «Ով կկատարի և կուսուցանի,- ասում է Նա,- երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի» (Մատթեոս 5։19)։ Նայի՛ր, Նա պատվիրեց հեզ և խոնարհ լինել և ուսուցանեց խոսքով. «Երանի՛ հոգով աղքատներին, երանի՛ հեզերին» (Մատթեոս 5։3-5)։ Եվ ցույց տվեց, թե ինչպես պետք է դա կատարել. «Մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց և սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ» (Հովհաննես 13։4-5)։ Ի՞նչը կարող է համեմատվել այսպիսի խոնարհության հետ, և այդպես Նա սովորեցրեց մեզ ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Նաև վիրավորանքներին համբերելը սովորեցրեց գործով, երբ Իրեն ապտակեց քահանայապետի ծառան, Նա ասաց. «Եթե վատ խոսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում» (Հովհաննես 18։23)։
Նա պատվիրեց աղոթել թշնամիների համար և նորից դա սովորեցրեց գործով, երբ խաչի վրա գամված ասաց. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23։34)։ Եվ ինչպես պատվիրեց աղոթել, այդպես և Ինքն աղոթեց՝ սովորեցնելով մեզ ներել թշնամիներին։ Պատվիրեց նաև օրհնել մեզ անիծողներին և բարիք անել մեզ չարախոսողներին (Մատթեոս 5։44), բարիք արեց Իրեն հետապնդողներին, կերակրեց Իր հանդեպ չարիք գործողներին, արքայություն առաջնորդեց նրանց, ովքեր ցանկանում էին խաչել Իրեն։ Նորից, ցանկանալով աշակերտներին անշահախնդրություն ուսուցանել, ասաց. «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձե դրամ՝ ձեր գոտիների մեջ» (Մատթեոս 10։9), և դա սովորեցրեց Իր գործով, երբ ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթեոս 8։20)։ Նա չուներ ոչինչ, ոչ թե որ չէր կարող ունենալ, այլ որովհետև սովորեցնում էր մարդկանց գնալ այդ ճանապարհով։ Հետևաբար, նմանվենք մեր Տիրոջը և այն, ինչ ուսուցանում ենք, նախ ցույց տանք գործով և սեփական օրինակով, որպեսզի կատարենք Նրա կամքը, Որին վայել է փառք, պատիվ և երկրպագություն այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն:
Փոխակերպումը գրաբարից՝
Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ