Այսօր՝ հուլիսի 24-ին նշվում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Այս տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Այս օրը հիշատակում ենք Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին Աստվածային փառքով երևումը։ Այս դրվագը նկարագրված է Ավետարաններում:
Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու։ Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է և աշակերտներին երևում աստվածային փառքով։ «Դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29): Այստեղից էլ առաջացել է տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:
Լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք» (Մատթեոս 17․5): Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին մինչև այն պահը, երբ Աստծո Որդին կփառավորվի:
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի խորհուրդը մեզ հորդորում է սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:
Տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վարդավառ» անունով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:
Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,
Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…
(«Սոնա յար» Կոմիտաս)։
Այլ աղբյուրներ վկայում են, որ Վարդավառ տոնի անունը հնարավոր է՝ գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Մի քանի ժողովրդական սովորությունների մասին
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:
Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական»-ը, դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:
Նախիջևանում վաղ առավոտյան կանայք թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով՝ խաչաձև կապում էին երեխաների կրծքին և տանում եկեղեցի (Արտակ արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»):
Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:
Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով: Քրիստոս այսօր պայծառակերպվում է մեր սրտերում՝ ևս մեկ անգամ ցույց տալով Իր՝ Աստծո Որդի լինելը։ Եվ մենք էլ, ինչպես առաքյալները, երկրպագում ենք Նրան՝ լցված ցնծությամբ։
Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպում են մի շարք միջոցառումներ, նպատակ ունենալով վերականգնել ժողովրդական ավանդույթները:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: