«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը ԵՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մշակութաբանություն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Վարդուհի Գրիգորյանն է։
Օշական գյուղում ծնված ու մեծացած Վարդուհին անսահման սիրով է կապված իր ծննդավայրին։ Նա աշխատում է Օշականում գտնվող «Բունիկ» հյուրատանը և նոր կրթական ծրագրերով ու մտահղացումներով փորձում է նպաստել հյուրատան գործունեության արդյունավետությանը․ «Սա ոչ թե աշխատանքի վայր է ինձ համար, այլ ստեղծագործելու և անընդհատ կատարելագործվելու հնարավորություն։ Մեր թիմն ամեն ինչ անում է՝ ազգային մշակույթը, հատկապես՝ օշականյանը, պահպանելու և փոխանցելու համար։ Եվ դա անում ենք տուրերով, կրթական ծրագրերով ու մեր իսկ ստեղծած խաղերով։ Քանի որ Օշական հիմնականում գալիս են Մեսրոպ Մաշտոցի շիրմին այցելության, մենք փորձում ենք թե՛ Մաշտոցին, թե՛ գրերի գյուտը ներկայացնել այլ տեսանկյունից, որ տուրերի մասնակիցները թեկուզ խաղերի միջոցով ձեռք բերեն գիտելիքի նոր պաշարներ։
«Բունիկը» գտնվում է Օշականի ամենահին և ամենալավ պահպանված տանը, որն ունի գրեթե հարյուրամյա պատմություն։ Ընդհանրապես այցելուներին հետաքրքրում է այն, ինչ եղել է իրենցից առաջ, հատկապես կենցաղին առնչվող հարցերում։ Մենք էլ մարդուն հենց դնում ենք այդպիսի միջավայրում, ոչ թե պարզապես ցույց ենք տալիս կամ պատմում»։
Վարդուհու հետ զրուցում ենք նաև դպրոցահասակ երեխաների հետաքրքրություններից։ Նա նշում է, որ հիմնականում աշխատում են տարրական դպրոցի աշակերտների հետ, որոնց զարգացվածությունը բավականին բարձր է, պահանջմունքները՝ շատ, բայց հիմնականում կապված համացանցի, տեխնիկայի հետ։ «Մեզ այցելած երեխաներն իրական շփման ու իրական խաղերի բաց ունեն, որն էլ փորձում ենք լրացնել։ Դրա համար էլ տուրի սկզբում նրանց մատուցվող տեղեկատվությունը կարող է բարդ լինել, բայց հանդիպման կեսից արդեն երեխաները դառնում են առաջարկվող իրականության մի մասնիկը։
Ես նկատել եմ, որ նրանց ներսում ապրող լույսը մենք աստիճանաբար կորցնում ենք տարբեր հասարակական ու սոցիալական գործոնների ազդեցությամբ։ Այդ հարցում կարևորում եմ ընտանիքի ու, հատկապես, մոր դերը։ Նա պիտի լինի իրական արժեքների՝ եկեղեցի, մշակույթ, բնություն, առաջին մատնացույց անողը։ Ունենալով այդ հիմնաքարը՝ երեխաները կկարողանան ճիշտ կառուցել հետագա կյանքը,- ասում է Վարդուհին և հավելում,- այսօր արդեն ինձ համար եկեղեցին, մշակույթը, գիրքը, արվեստն իրենց անուրանալի դերն ունեն ներքին զարգացման և ճիշտ ընտրություն կատարելու հարցում։ Մենք նոր բառ ենք գտել՝ մոտիվացիա, և ամեն ինչ արդարացնում ենք դրա ներկայությամբ կամ բացակայությամբ։ Այնինչ, մոտիվացիան ուղղակի բառ է, իսկ այն, ինչ մարդը ստանում է հոգևոր ոլորտից՝ թե՛ կրոնական, թե՛ մշակութային առումով, պիտի մեր կյանքի մեծագույն ուղղորդիչը լինի, մեր երազանքների կերտողը»։
Հաջորդիվ անդրադառնում ենք Վարդուհու դեպի Աստված տանող անցած ճանապարհին․ «Երբ ութ տարեկան էի, Օշականի Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից բացվեց կիրակնօրյա դպրոց։ Եվ ես դարձա կիրակնօրյա դպրոցի սան։ Մի քանի տարի հետո արդեն երգում էի եկեղեցու երգչախմբում։ Հետագայում հանգամանքների բերումով դարձա եկեղեցու երգեհոնահարը։ Հակառակ ընտանիքումս ծավալված բուռն քննարկումներին և հասարակական ճնշմանը՝ ինձ ոչինչ չկանգնեցրեց։ Տարիների հեռվից աստվածային նախախնամությունն ավելի տեսանելի էր դառնում ինձ համար։ Չէ որ ես հայտնվեցի եկեղեցում այն դեպքում, երբ շրջապատող իրականության մեջ ինձ դեպի եկեղեցի ուղղորդող ոչինչ չկար։ Աստված կամեցավ, որ լինեմ այնտեղ, և ես երջանիկ եմ, որ Նա տվեց ինձ Իրեն ծառայելու շնորհը իմ հնարավորությունների սահմաններում»։
Վարդուհին պատմում է նաև, որ արդեն մեկ տարի է՝ Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն, որը նպատակ ունի գյուղի երիտասարդներին համախմբել եկեղեցու շուրջ, ճանաչելի դարձնել եկեղեցական տոներն ու ծեսերը, ինչպես նաև կազմակերպել հաճախակի հանդիպումներ հոգևորականների հետ՝ երիտասարդներին հոգևոր կյանքի բովանդակային շերտերին ծանոթացնելու և նրանց հուզող հարցերին պատասխանելու համար։
Զրուցակիցս նկատում է՝ դեռահասության տարիքից հոգևոր իրականության մեջ լինելն իրեն այսօր դարձրել է այնպիսին, ինչպիսին որ կա՝ ապահովելով ներքին հոգևոր զարգացում․ «Քրիստոնեությունն ինձ համար չքնաղագույն կրոն է, մարդու մեջ ամենադրական, ամենագեղեցիկ զգացմունքները դաստիարակող։ Այսօր ես բազում թելերով կապված եմ եկեղեցու հետ։ Երբ մարդու կյանքը լցված է այդ ամենով, անկախ իր կամքից էլ հավատքի լույսը թափանցում է նրա մեջ։ Ես հնարավորինս փորձում եմ թույլ տալ, որ այդ լույսն առկայծի իմ հոգում, որ անկախ աշխարհիկ իրականության կապանքներից՝ կարողանամ ապրել քրիստոնեավայել կյանքով»։
Վարդուհին ունի նաև փոքրիկ բիզնես՝ «Վարդաթեյը», որի շրջանակներում վարդի թերթերով ու այլ բուսատեսակների խառնուրդներով օրգանիկ թեյեր է պատրաստում։ «Ես թեյի միջոցով հաճելի համեր և զգացողություններ եմ փոխանցում մարդկանց։ Քանի որ մենք բարեկամասեր ազգ ենք, անգամ թեյը չենք սիրում միայնակ խմել։
Հուսով եմ՝ իմ թեյերն օգնում են, որ մարդկանց զրույցներն էլ դրական դառնան ու ծավալվեն խաղաղ, գեղեցիկ մթնոլորտում։ Գեղեցիկը մարդու ներսում դրական ազդակներ առաջացնողը, հոգեկան բավարարվածություն պարգևողն է ու պարտադիր չէ, որ այն անպայման տեսանելի լինի»։
Իր հաջողությունները Վարդուհին պայմանավորում է իր կյանքում Աստծո ներկայությամբ և աշխատասիրությամբ։ Նա ամեն ինչ անում է, որ չկորցնի հավատքն ու ամեն օր մեկ քայլով ավելի լավը լինի, քան երեկ։ Որևէ գործ սկսելուց առաջ էլ Վարդուհին մշտապես Աստծո կամքն է խնդրում, և երբ ինչ-որ բան չի ստացվում, նա մտածում է՝ կամ դա դեռ իրեն պետք չէր, կամ դեռ աշխատելու տեղ ունի ինքն իր վրա։
Զրուցակիցս ցանկանում է դասախոս դառնալ և իր կուտակած ողջ գիտելիքը փոխանցել երիտասարդ սերնդին։ Իր նպատակին հասնելու համար նա աշխատում է տքնաջանորեն․ «Մշակույթը, հատկապես հայկականը, մասնագիտություն չէ ինձ համար, այլ կյանք։ Այն հոսում է իմ երակներով։ Ես ամեն օր փորձում եմ ավելի տեսանելի դարձնել մեր մշակույթի մաքրությունն ու տարածել որքան հնարավոր է շատ»։
Մեր զրույցը Վարդուհին ամփոփում է այսպես․ «Մարդիկ պիտի միմյանց անսահման շատ սեր տան, որովհետև սերն է, որ ընկած է ամեն ինչի հիմքում։ Նաև պիտի կարողանանք միմյանցից վերցնել դրական փորձառությունն ու մշտապես գնալ լուսավորի հետևից»։
Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ