Հայ Եկեղեցու ծիսակարգն ու հարդարանքն անհնար է պատկերացնել առանց սրբանկարչության: Մեր այսօրվա զրույցը սրբանկարիչ Մարիաննա Հովհաննիսյանի հետ է, ում աշխատանքները զարդարում են ոչ միայն հայաստանյան և արտերկրի տարբեր եկեղեցիներ, այլև անհատական հավքածուների մաս են կազմում:
-Մարիաննա՛, ինչպե՞ս սկսվեց Ձեր մուտքն արվեստի աշխարհ:
-Դեռ վաղ տարիքից անտարբեր չեմ եղել արվեստի և գեղեցիկի հանդեպ: Այդ էր պատճառը, որ դպրոցական տարիքում հաճախում էի բազմապիսի խմբակների, ինչի շնորհիվ էլ դպրոցն ավարտելիս արդեն տիրապետում էի ասեղնագործության, գոբելենագործության, կարպետագործության, փայտի փորագրության հմտություններին: Այդ պատճառով էլ ուսումս շարունակեցի Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտեի «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժնում:
-Ինչի՞ց սկսվեց Ձեր հետաքրքրությունը սրբանկարչության հանդեպ:
-Շատ էի սիրում դիտել հոգևոր բնույթի հաղորդումներ, որտեղ ցուցադրվում էին նաև որմնանկարներ և սրբապատկերներ: Ես տպավորված էի դրանց բազմազանությամբ և գեղեցկությամբ: Բնականաբար հետաքրքրություն առաջացավ իմանալու, թե սրբանկարչության ի՞նչ ավանդույթներ կան Հայ Առաքելական Եկեղեցում, և արդյո՞ք կան դասընթացներ, որտեղ կարելի է սրբանկարչության հմտություններ ձեռք բերել: 2005-2006 թթ. էին, և այս արվեստով զբաղվողներ գրեթե չկային: Երկար փնտրտուքներից հետո իմացա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից «Կոզեռն» կենտրոնում գործող սրբանկարչության դպրոցի մասին, որը ստեղծվել և գործում էր լուսահոգի Աբրահամ Ազարյանի շնորհիվ: Ես սիրով սկսեցի այցելել դասերին և մեկ տարի անց Աբրահամ Ազարյանի առաջարկությամբ շարունակեցի հմտանալ սրբանկարչության մեջ: Կրկին իր առաջարկով «Աստվածաշնչյան ընկերություն»-ում և Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ-ում նրա հետ սրբանկարչություն էինք դասավանդում:
2007 թ. Մոսկվայի տանը կազմակերպվեց Աբրահամ Ազարյանի դպրոցի մասնակիցների աշխատանքների ցուցադրություն, որին առաջին անգամ մասնակցեցի նաև ես: Այդ ընթացքում անհատական պատվերներ էի ունենում և՛ տարբեր եկեղեցիներից, և՛ անհատներից:
-Ինչպիսի՞ն պետք է լինի սրբապատկերը, և ի՞նչ է պահանջվում սրբանկարչից՝ կատարյալ սրբանկար ստանալու համար:
-Սրբանկարը նախևառաջ աղոթք է և պետք է դիտողի մոտ աղոթելու ցանկություն առաջացնի: Չէ՞ որ սրբերը մարդկանց համար բարեխոս են Աստծո առջև: Սա մեծ պատասխանատվություն է, քանի որ կապված է հոգևոր աշխարհի, աստվածային իրողությունների հետ: Այստեղ անխախտելի կանոններ կան, որոնք վերաբերում են և՛ գույնին, և՛ գծին, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: Ընդհանրապես կարևոր է նախ ծանոթանալ սրբի վարքին. այդ ընթացքում է, որ սրբանկարչի մտապատկերում ուրվագծվում է նրա կերպարը: Ցավոք հիմա շատ են հանդիպում ուղղակի ընդօրինակումներ, որոնք պատկերագրության հետ ոչ մի կապ չունեն: Սրբանկարչությունը շնորհ է տրված Աստծո կողմից. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ» (Հովհաննես 3.27):
-Կարո՞ղ ենք ասել, որ սրբանկարչությամբ զբաղվելը Ձեզ համար նաև հավատքի ճանապարհ էր:
-Այո՛, իհարկե: Մինչ այդ էլ իմ մեջ կար հավատն առ Աստված: Բայց սրբանկարչությունը, անշուշտ, մեծապես նպաստեց, որպեսզի ես ավելի խորությամբ ուսումնասիրեմ հոգևոր իրողությունները: Առանց լուրջ հոգևոր գիտելիքների չես կարող սրբապատկեր ստեղծել: Հետևաբար սրբանկարչությամբ զբաղվելուն զուգընթաց ես աճեցի նաև որպես քրիստոնյա:
-Ձեզ համար սրբանկարի ստեղծման ընթացքն ավելի շատ ստեղծագործակա՞ն, թե՞ աղոթական հոգեվիճակ է:
-Սրբանկարչությունը ստեղծագործություն չէ այն իմաստով, ինչպես ընդունված է գեղանկարչության մեջ: Այստեղ հստակ կանոններ կան, որոնք խախտել չի կարելի: Այն առավելաբար վերաբերում է հոգևոր ապրումներին: Ասեմ ավելին, սրբանկարիչը աշխատելիս պետք է խնդրի տվյալ սրբի բարեխոսությունը, որպեսզի կարողանա ստանալ նրա պատկերը: Ստեղծագործական մոտեցումը վերաբերում է իմ մյուս՝ դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներին՝ սրբապատկերի համադրմամբ: Դրանք են սրբապատկերներով զարդարված զատկական հավկիթները, խաչվառները կամ փայտի փորագրությամբ շրջանակներով սրբապատկերները: Այստեղ ես կարող եմ որոշակի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել:
-Երբևէ գայթակղություն չի՞ առաջանում զբաղվել գեղանկարչությամբ:
-Ո՛չ: Ես սիրում եմ սրբանկարչությունը և աշխատելիս հոգով խաղաղվում եմ: Պատահում է, որ երբեմն շեղվում եմ և ինչ-որ դեկորատիվ կիրառական արվեստի գործ պատրաստում: Այդ աշխատանքների հիման վրա 2021 թ. Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի կողմից արժանացել եմ «Ժողովրդական վարպետի» կոչման՝ «Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգում:
-Դուք նաև նվիրատվություններ եք անում եկեղեցիներին:
-Անկեղծ ասած, ես այդ մասին խոսել չեմ սիրում: Կարծում եմ, որ Աստծուց տրված նման մեծ շնորհի դիմաց իմ արածը շատ չնչին բան է և ես պարտավոր եմ ինչ-որ կերպ շնորհակալ լինել Աստծուն: Շատ ուրախացա, երբ վերջերս իմացա, որ իմ հերթական աշխատանքներից երկուսը ՝ խաչվառը և Սուրբ Սեղանի խաչը, որ նվիրել էի Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, արժանացան Նավասարդ սրբազանի օծմանը:
Մարգարիտ ՔԵՇԻՇՅԱՆ