Աստծո թողած քաղցրը

Աստծո թողած քաղցրը

«Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»:

Մատթեոս 28։20

 

Հենց  տարվա սկզբից մեկը մյուսի հետևից իրագործվում էին իմ մանր ու մեծ ցանկությունները։ Բավական է՝ մի բան ուզեի, անպայման կատարվում էր։ Թակում էի փակ դռները, բացվում էին, խնդրում էի, ու տրվում էր ինձ։

 

Սպասում էի ամենամեծ ու նվիրական երազանքներիցս մեկի իրագործմանը: Վստահ էի, որ այս անգամ ևս կստացվի, այս անգամ էլ դուռը կբացվի ինձ համար։ Բայց  չստացվեց, չեղավ։ Բառ չկա նկարագրելու ճնշվածությանս չափը, երբ պարզվեց, որ ինչին այդքան սպասում էի, չի լինելու, առնվազն հիմա, կյանքիս այս փուլում։ Երկաթյա հավատ էր պետք չկոտրվելու, երազելու ունակությունը չկորցնելու հասմար։ Սկսեցի բուժել սիրտս, վերքս, ցավս։ Մենակ էի, Աստծո ձայնը լավ չէի լսում, միայն իմ սեփականը՝ ի՞նչ պիտի սովորեմ, ի՞նչ պիտի քաղեմ, ի՞նչ կա հասկանալու, որտե՞ղ է դասը, որտե՞ղ է գանձն այս ամբողջ ցավի, որտե՞ղ է իմաստությունը, որ գալիս է ամեն փորձության հետ։ Սրանք այն հարցերն էին, որոնք օրեր շարունակ տալիս էի ինձ։ Ամեն մանրուք ազդում էր հոգեկան անդորրիս վրա, հասկանում էի՝ ինձ հանգիստ է պետք, բայց չգիտեի՝ որտեղ և ինչպես ստեղծեմ այն, երբ սիրտս լցված է մթով, սևով, անհուսությամբ, կոտրված երազանքի սուր փշերով։ Այն ամենը, ինչ սովորաբար ազդում էր նյարդերիս վրա...

 

Հետո մի օր, մի երջանիկ օր Աստված խոսեց ինձ հետ։ Այնքան երկար էի սպասել, ու Խոսքն այդ այնքան քաղցր էր ականջիս։ Ասաց, որ պիտի սովորեմ ընդունել աշխարհն իր ամբողջությամբ, որովհետև Ինքն այդպես է ստեղծել և՛ աշխարհը, և՛ ինձ։ Ասաց, որ Ինքը միայն լույսի հեղինակը չէ, և բոլոր գույներն Իրենն են՝ սևից սկսած։ Ասաց, որ կարող էր երազանքս իրականացնել նախորդների պես, բայց դա կկեղտոտեր ինձ, կհպարտանայի, կփչացներ ինձ հիմա, առնվազն կյանքիս ա՛յս շրջանում։ Ասաց, որ ինձ պետք է  խոնարհվել սովորել։ Նորից ու նորից։ Ասաց, որ սիրտս մաքրել է պետք, մաքրել հպարտություններից, այլոց հետո մրցակցությունից, խանդ ու նախանձից, բոլոր այն ախտերից, որոնք կուտակվում են մեր մեջ այս աշխարհում ապրելու հետևանքով։

 

Ասաց, որ ինձ սիրում է ամեն կերպ՝ իմ մութ ու կոտրված սրտով, իմ հպարտությամբ, չարությամբ։ Ասաց, որ ես մշակ եմ, մշակ են բոլորը, ովքեր շունչ և ապրելու օրեր ունեն, ում կյանք է տրված։ Բոլորն իրենց ներսի այգու մշակներն են։ Պիտի անդադար խնամել այգին, որովհետև թե մի օր բաց թողեցիր, մոլախոտերը կպատեն ամեն ինչ, ու երկարատև աշխատանքը կթափվի ջուրը։ Ասաց, որ երբեմն մեզ չի տրվում այն, ինչի կարիքն ամենաշատը ունենք, որ զորեղանանք ու վեր լինենք մեր կարիքից, որ ներս նայել սովորենք՝ դուրս նայելու փոխարեն, որ դառնանք ինքներս մեզ բժշկողը։ Ասաց, որ Ինքը երբեք չի փակում որևէ դուռ՝ առանց պատուհանը բաց թողնելու, առանց մխիթարանքի։ Խնդրեց տեսնել բաց պատուհանն ու համբերե՜լ, համբերե՜լ, համբերե՜լ, որովհետև մարդը մարդ է համբերելու ունակությամբ նաև։ Ասաց, որ երբեք մենակ չեմ, նույնիսկ երբ մթնած եմ, չարացած, թունոտ, անուժ, կոտրված։ Մենակ չեմ երբեք, ու ոչ մեկ մենակ չէ, որովհետև Ինքն ամենուր է ու դեղ է հասցնում բոլոր կարիքավորներին, լույս՝ մթնածներին, սեր՝ նվաղածներին, հույս՝ կոտրվածներին։

 

Ընդունի՛ր, ընդունի՛ր, ընդունի՛ր աշխարհը, որը լի է քո չսիրած բաներով, լի է այն ամենով, ինչը կարող է կոտրել և հուսահատեցնել, խաղաղությունը խլել ու վշտացնել, ընդունի՛ր աշխարհն իր ամբողջությամբ, և հատ-հատ հավաքիր այն ամենը, ինչ սիրում ես, ինչն ուրախությամբ է լցնում սիրտդ։

 

Ուշադրությունը տիեզերական գանձ է, ինչի վրա որ այն ներդնես, կաճի՝ ասում է Տերն ինձ։ Արցունքներս հոսում են, սիրտս պայթում է ուրախությունից, որ վերջապես, վերաջապես իմ այգում լույս է՝ անկախ խավարից։

 

Ես տեսնում եմ լույսն ու մութն իրար կողքի, և դրանք չեն հակասում միմյանց։ Տեսնում եմ Աստծուն՝ Ամենահաս ու Ամենասեր։ Տեսնում եմ՝ ինչպես է սառը ու մխիթարիչ թրջոցներ դնում բոլոր վնասված սրտերին, ինչպես է բացում լուսամուտները՝ որոշ դռներ փակելուց առաջ։ Ինչպես է մխիթարում բոլոր կարիքավորներին, ինձ, ինձ, ինձ, ամեն պահ։ Ու միայն մի բան խնդրում․ «Պատմի՛ր, պատմի՛ր, պատմի՛ր այս ամենը, որովհետև դա՛ է քո անելիքը, քո առաքելությունը։ Պատմիր քո ցավի ու մխիթարության մասին, որ մյուս զավակներս, ովքեր Ինձ լսելու դժվարությունն ունեն, քո միջոցով լսեն Ինձ, զգան Ինձ, որովհետև Այստեղ եմ, Հիմա եմ, Կամ՝ բոլոր օրերում, բոլորի՛ օրերում։ Միշտ։ Հավիտյանս հավիտենից»։ Ամեն։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2022-08-09
×