«Ոչ միայն հացով է ապրում մարդ,
այլև այն ամեն խոսքով,
որ ելնում է Աստծու բերանից» (Բ Օր. 8.3)
Հաճախ ենք խոսում հոգևոր սնունդի մասին։ Ասում ենք, որ դրա դերն իրականում հավասարապես կենսական ու կարևոր է, որքան նյութական սննդի դերը մեր կյանքում։ Սակայն արդյո՞ք ըստ արժանվույն կարևորում ենք հոգևոր սննդի դերը, որքան նյութականին ենք կարևորում։
Մեր մարմինը ստեղծված է այնպես, որ դժվարանում է մի քանի ժամ շարունակ սնունդ չընդունելով ծառայել մեզ։ Այդ է պատճառը, որ չենք կարողանում պատկերացնել մեր կյանքն առանց հացի։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր ծոմապահությամբ մաքրում են իրենց մարմինները՝ ուշադրություն դարձնելով հոգևոր սննդին, համարում ենք շատ ուժեղ կամք ունեցողներ։ Մեր մարմինը մեզ պարտադրում է սնունդ ընդունել, և մենք հասկանում ենք մեր մարմնի լեզուն։
Մեր հոգին էլ ապրում է՝ սպասելով հոգևոր սննդին, որ ոչ պակաս կենսական ու անհրաժեշտ է, քան նյութական սնունդը: Զուր չէ, որ Սուրբ Գրքում ասված է․ «Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Բ Օր. 8.3)։ Հենց սա է մեր հոգևոր սնունդը որ մեր հոգին պահում է առողջ այնպես, ինչպես նյութական սնունդը՝ մարմինը։
«Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը» (Հովհաննես 4.34)։ Մեր հոգևոր սնունդը ոչ միայն սովորելն է ճանաչելն Աստծո խոսքը, այլ նաև գործելը։ Զուր չէ, որ ասվում է, թե մեր կերակուրը Տիրոջ կամքը կատարելն է։ Հենց այս՝ հոգևոր սնունդն է, որ իրականում կենդանի է պահում մեր հոգիները՝ պատրաստելով մեզ Տիրոջ Գալստյան օրվան։
Չէ՞ որ մարմինը հոգու տունն է։ Ուշադրություն դարձնելով մեր ֆիզիկական առողջությանն ու ապրելակերպին, նախ և առաջ հենց հոգի՛ն է, որ պիտի ջանանք կենդանի ու պատրաստ պահել։ Գիտակցե՛նք հոգևոր սնունդի անգնահատելի դերը մեր կյանքում։ Չէ՞ որ հոգին է, որ փրկվելու է և փրկելու է։