«Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»:
Մի՞թե կարելի է պատկերացնել ավելի մեծ օրհնություն: Չէ՞ որ յուրաքանչյուր քրիստոնյայի սրտի փափագն ու երազանքն է ստանալ Արարչի կանչի ավետիսը:
Արդ, պատկերացրե՛ք, թե ինչպիսին էր Մարիամի հոգու ցնծությունը, երբ նա ստացավ հրեշտակաբարբառ այս սուրբ ավետիսը: Այո՛, հասել էր ժամանակը, և նրան կանչում էր Արարիչը:
Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը (431 թվական) Հովակիմի և Աննայի դստերը` Մարիամին, պաշտոնապես ճանաչեց Աստվածամայր, և նրա երկրպագությունը տարածվեց ողջ քրիստոնեական աշխարհում: Մարիամին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ, որոնցից մեկը՝ Վերափոխումն Սուրբ Աստվածածնի տոնը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից է: Մյուս տոներն են` Հղություն Սուրբ Աստվածածնի (Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ), Ծնունդ Սուրբ Աստվածածնի, Ընծայումն Սուրբ Աստվածածնի (Երից ամաց Ընծայումն ի տաճարն), Ավետում, Գյուտ տուփի Սուրբ Աստվածածնի, Գյուտ գոտու Սուրբ Աստվածածնի:
Աստվածաբանության կարևորագույն ճյուղերից է մարեմաբանությունը: Աստվածաբան Իրենեոսին է պատկանում Աստվածամոր դերի վաղագույն հիշատակումը փրկագործության պատմության մեջ, ով, խոսելով հրեշտակից Ճշմարտության ավետիս ստացած Մարիամի սրբության մասին, վկայում է. «…քանզի ինչպես առաջինը (Եվան), գայթակղվելով հրեշտակի խոսքերից, հեռացավ Աստծուց՝ զանց առնելով Նրա խոսքը, այնպես էլ մյուսը (Սուրբ Կույսը) հրեշտակի խոսքի շնորհիվ ավետիս ստացավ, որպեսզի կրի Աստծուն՝ հնազանդվելով Նրա խոսքին»:
Ինչպես վկայում են մատենագրական աղբյուրները, Տիրամոր վերափոխման հիշատակությունը կատարվել է դեռևս առաքելական շրջանից, իսկ իբրև եկեղեցական տոն հաստատվել է 4-րդ դարում: Այն, որ Հայոց Եկեղեցում Վերափոխման տոնը կատարվել է դեռևս 5-րդ դարից, հաստատում են Սահակ Պարթևի կանոնները, իսկ Խորենացու Վերափոխմանը նվիրված շարականը և Գրիգոր Նարեկացու ներբողյան ու գանձն այդ թեմայով գրված 5-10-րդ դարերի արձակ և չափածո բազմաթիվ գործերի շարքից են:
Խաչված Հիսուս Քրիստոս Տիրամորը հանձնեց Հովհաննես ավետարանչի խնամքին (Հովհաննես 19.26-27), իսկ եկեղեցական ավանդության համաձայն` Ամենասրբուհի Կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես ավետարանչի խնամքի ներքո ապրում է ևս մոտավորապես տասներկուսից տասնհինգ տարի:
Սրբազան ավանդության համաձայն, Սրբուհի Կույսը, Գաբրիել հրեշտակապետից ստանալով վերափոխման ավետիսը, աղոթքով խնդրում է Տիրոջից տեսնել առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու: Սուրբ Աստվածածինն այդ ավետիսը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Հետո Սուրբ Հովհաննեսին խնդրում է Պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Սուրբ Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Այդ ժամանակ է, որ Սուրբ Հովհաննես ավետարանիչը կիպարիսի մի փայտի վրա պատկերում է Սուրբ Տիրամորը, իսկ Աստվածածինն օրհնում է՝ խաչակնքելով այն և իր դեմքին դնելով:
Երբ Սուրբ Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Ապա Քրիստոս լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք, որի մասին առաքյալներն իմանում են միայն այն ժամանակ, երբ սուրբ Բարդուղիմեոսի համար, ով Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր եղել, բացում են Տիրուհու գերեզմանն ու այն գտնում դատարկ:
Արդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ իր Միածին Որդու մոտ վերափոխումը: Եվ միշտ կիրակի օրն է կատարվում Աստվածամոր վերափոխման տոնը, քանի որ Մարիամը ծնվեց հինգշաբթի օրը, ննջեց նույնպես հինգշաբթի օրը, իսկ կիրակի օրը վերափոխվեց իր Որդու մոտ:
Աստվածածնի վերափոխման տոնին մատուցված Սուրբ Պատարագի ավարտն ամփոփվում է յուրահատուկ և անկրկնելի մի գեղեցիկ արարողությամբ` խաղողի օրհնությամբ, որից էլ տոնն այս ժողովրդի մեջ հաճախ հնչում է «Խաղողօրհնեք» անվամբ:
Միածին Որդու գալստյամբ կրկին օրհնվում է մարդկային բնությունը, և առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթն ամենազորավորներից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի Որթ անվանելով. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհաննես 15.1): Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանն Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթեոս 26.28), որով էլ մենք ազատվեցինք մահից:
Տիրամոր վերափոխումը համարվում է երկրորդ ավետում և խորհրդանշական մի զուգահեռ է Սուրբ Ծննդյան ավետման հետ, որը մարդկությանը տրված մի նոր հնարավորություն է վերստին նորոգվելու առ Աստված ունեցած իրենց հավատքի մեջ:
Արդ, Աստվածամոր բարեխոսությամբ և նրա խոնարհության փառահեղ օրինակով քայլենք նրա Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին ընդառաջ, որպեսզի մի օր մենք էլ արժանանանք ստանալու Արարչի կանչի հրեշտակաբարբառ ավետիսը:
Պատրաստեց
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ