Տոն Շողակաթի՝ Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

Տոն Շողակաթի՝ Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

Ս. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին նշում է Էջմիածնի Լուսավորչահիմն Տաճարի նավակատիքի հիշատակը: Այս տոնը Սուրբ Կույսի Վերափոխման տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը կապված է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ. այն կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի լույսի  շող կաթում:

 

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը

 

Այսպես ամբողջ տիեզերքի առջև, Հայաստանում, այն տեղում, ուր Տերը հարվածեց ոսկյա մուրճով, կանգնեցվում է կաթողիկե եկեղեցին, որի պատկերը  երկնքից ցույց տրվեց Սուրբ  Գրիգորին:

 

Ըստ տեսիլքի երկնքի հաստատաշեն խորանի բացվելը նշանակում է Աստծու մարդասիրության հայտնումը ստորիններին: Մեծ թնդյունը նշանակում է, որ աստվածային ողորմության անձրևը վերստին ցողվում է մարդկանց վրա: Իսկ բացված հաստատությունը և ջրերի բազմությունը, որ կուտակված կային այս և այն կողմում, ցույց է տալիս, որ մարդկանց համար բացվել է վեր ելնելու ճանապարհը: Լույսի սաստիկ հեղումը բարձունքից, որը լցնում է ամբողջ երկիրը, նշանակում է Լույսի քարոզությունը և Ավետարանի տարածումը ստորինների մեջ: Իսկ լուսեղեն զորքը, որ իջնում է լույսի հետ միասին, երևաց ի պատիվ վկաների, նաև մարդկանց խրախուսելու ու մեզ հետ լինելու համար:

 

Այժմ և մշտապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու կողմից, Սուրբ Գրիգորի տեսիլքով:

  • 2022-08-13
×