Շողակաթի տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը: Այս տոնը չափազանց կարևոր է մեզ՝ հայերիս համար, քանզի սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով է, որ դրվեցին մեր հավատքի հիմքերը, և կառուցվեց հավատքի տաճարը: Ըստ տեսիլքի, Աստծո Միածին Որդին` ոսկե ուռը ձեռքին, իջավ Վաղարշապատ քաղաք, և Նրա իջման տեղում կաթեց աստվածային շողը, գծագրվեց Մայր Տաճարը: Այն վայրը, ուր իջել էր Քրիստոս, կոչվեց «Էջմիածին»։ «Սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը և նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք երեք վկայարանները. մեկը՝ սուրբ Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը՝ սուրբ Գայանյանց, մյուսն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մասին այսպես է վկայում Ագաթանգեղոս պատմիչը. «Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրէջքի առաջպահն էր: Նա ձեռքին ուներ ոսկե մի մեծ մուրճ, և բոլորը Նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթև արծվի նմանությամբ ու իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, որից մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից: Ամբողջ երևացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձև տափակացավ: Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով:
Նայեցի և տեսա երեք այլ խարիսխներ ևս. մեկն այն տեղում, ուր նահատակվեց Սուրբ Գայանեն՝ երկու ընկերների հետ, մյուսն այն տեղում, ուր Սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ և մեկն էլ՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին, և խոյակները՝ հրեղեն»։
Կառուցվեց եկեղեցին և կոչվեց «Շողակաթ», քանզի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսավ, թե ինչպես էր երկնքից մի շող կաթում: Եկեղեցում ամփոփված են սուրբ Մարիանե կույսի մասունքները, ով մեկն էր Հռիփսիմյաց կույսերից, ովքեր փախչելով Հռոմի կայսեր Դիոկղետիանոսից՝ բնակություն են հաստատում Հայոց մայրաքաղաք Վաղարշապատում և նահատակվում են հանուն հավատքի։
Այժմ և մշտապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու կողմից, սուրբ Գրիգորի տեսիլքով: Այն հաստատում է հայ ժողովրդի ընտրյալ լինելու փաստը, վկայում անսասան հավատքի մասին: Եվ մենք էլ՝ հավատացյալներս, այսօր փորձենք ապրել այնպես, որ արժանի լինենք հայի և քրիստոնյայի կոչմանը: Կրե՛նք ընտրյալ լինելու մեր պատասխանատվությունը, ծառայե՛նք Տիրոջը և Նրա Եկեղեցուն:
Պատրաստեց
Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ