«Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»
Այսօր, ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրերին, մեռելոց հիշատակության օրն է։
Մեր հարազատները լքում են մեզ, երբ գալիս է նրանց ժամանակը, սակայն իրենց հետևից մշտապես թողնում են մի դատարկություն, որն անհնար է լցնել այլ երևույթներով։ Այդ դատարկությունը, որն առաջանում է սիրելիների, ընտանիքի անդամների ու հարազատների հավերժ բացակայության հետևանքով, հնարավոր է լցնել միայն Աստծո հանդեպ անսպառ հավատքով, հույսով ու աղոթքով առ Տերը։
Մահվան առաջ մենք կանգնած ենք՝ հուսահատության և անզորության մեջ։ Սակայն Աստվածաշնչում՝ Հովհաննես ավետարանչի գրքում տեղ գտած այս դրվագը, որում պատմվում է Ղազարոսի հարության մասին, մեր մեջ հույս է արթնացնում, լցնում մեր հոգիները հավատքով։ Խորհրդանշական է այն, որ այս Քրիստոսի երկրային կյանքի վերջին հրաշքն է։ Սրանով այս պատմությունն էլ ավելի է լցնում մեր հոգիները՝ Քրիստոսի գալստյան սպասումով ու հույսով։
Ավետարանիչը ներկայացնում է Ղազարոսին, ով հիվանդ էր Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։
Երբ Հիսուս լսեց իր բարեկամ Ղազարոսի հիվանդության լուրը, հուզվեց, բայց սպասեց ևս երկու օր։ Երբ Նա հասավ Բեթանիա, Ղազարոսը չորս օր էր, ինչ մահացել էր և գերեզման դրվել:
Քրիստոս մոտեցավ Ղազարոսի գերեզմանին․ «Եվ Հիսուսն ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան՝ մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր. ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ»։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»» (Հովհ․ 11։39-44)։
Աստվածաշնչյան այս դրվագը մխիթարություն է ամենքիս համար։ Քրիստոս կարող էր կանխել Ղազարոսի մահը, քանզի ամենակարող էր և սիրում էր Ղազարոսին, սակայն չարեց՝ ցույց տալու համար Աստծո ողջ զորությունը և մահվան ու հարության խորհուրդն իր ամբողջության մեջ։
Երբեմն մենք, նայելով մահվան աչքերին, սխալմամբ մտածում ենք, թե մեր հարազատներից ու մտերիմներից մեր ֆիզիկական բաժանումը վերջնական է։ Սակայն չենք մտածում, որ Հիսուս Քրիստոսով է, որ փրկվելու ենք, և ինչպես Ղազարոսի քույրերը ճաշակեցին կրկին նրա հետ լինելու բերկրանքը, այնպես էլ մենք, թեկուզ ոչ ֆիզիկապես, սակայն զգալու ու հասկանալու ենք, թե ինչ ասել է հարություն՝ շնորհված Հիսուս Քրիստոսով։
Մահվան առաջ մեր անզորությունը զուր է, քանզի այն արդարացված կլիներ, եթե մահ՝ նշանակեր ավարտ ամեն բանի։ Սակայն այն իրականում նշանակում է հնարավորություն և սպասում, սպասում Քրիստոսին, հնարավորություն հարության։ Ուստի պատրաստ լինենք, որ ինչպես Ղազարոսը վերադարձավ, որ վկայի Քրիստոսին ու Նրա իշխանությունը, այնպես էլ մենք պիտի պատրաստ լինենք, քանզի ոչ միայն տեսնելու, այլև ինքներս ենք վկայելու հարությունը, որ Քրիստոս խոստացել է մեզ աշխարհի վախճանին։