Աստվածածին մայրը Հովհաննեսի ավետարանում

Աստվածածին մայրը Հովհաննեսի ավետարանում

Մարիամն իր վարքով օրինակ ծառայեց ամբողջ մարդկության համար։ Աստվածածնի առաջին ու ստույգ վարքագիրն է Նոր Կտակարանը՝ մասնավորապես Ավետարանները։ Չորս Ավետարաններում, անկասկած, նշանակալի են Մարիամ Աստվածածնի մասին պատմող հատվածները։ Հատկապես ուշագրավ են այն հուշապատումները, որոնք հիշատակել է Հովհաննեսն իր Ավետարանում։

 

Հովհաննես ավետարանիչն իր Ավետարանում գրի է առել երկու շատ կարևոր դրվագ, որոնք բացակայում են  մյուս ավետարանիչների մոտ․ Կանայի հարսանիքը և Աստվածամոր ներկայությունը խաչի մոտ (2:1-12, 19:25-27)։ Հիսուս Իր առաքելությունը սկսում է Կանայում կատարվող հարսանեկան խնջույքից։ Հիսուսի մայրը նույնպես ներկա էր այդ հարսանեկան տոնին և հարսանքավորների հետ միասին ուրախանում էր։  Հարսանեկան բերկրանքին մասնակցելու հետ միասին Մարիամը նաև շատ ուշադիր էր և կարողանում էր նկատել այն, ինչը ոչ ոք չէր տեսնում. Հարսանիքի գինին վերջացել էր։ Մարիամն Ավետարանի այս դրվագում ներկայանում է որպես ընկեր, հարազատ անձ, բարեկամ, ով խնդրում է, բարեխոսում ու միջնորդում է իր Որդուն օգնել մարդկանց։ Սուրբ Կույսը մեզ սովորեցնում է ուշադիր լինել մեր շուրջն ապրող մարդկանց հանդեպ և փորձել հասկանալ, թե ինչն է պակասում նրանց իրական երջանկության համար։ Այս ուսուցանող պատմության մեջ մենք տեսնում ենք նաև, որ Մարիամը որոշակի պահից սկսած անհետանում է, մոռանում է ինքն իրեն և ամեն բան ուղղում է դեպի Որդին։ Իր այս քայլով Աստվածամայրը ցույց  է տալիս բարեպաշտության կատարյալ օրինակ։ Արդարև, Մարիամը մեզ ուղղորդում է դեպի Իր Որդին՝ ցույց տալով, որ ինքն այդ ճանապարհ ցույց տվողն է, իսկ նպատակակետը՝ Իր Որդին է։ Միջնադարյան աստվածաբանական տեքստերում Աստվածածինը հաճախ  հենց այսպես էլ ներկայացվում է, որպես ճանապարհ, սանդուղք և դուռ, որ տանում է դեպի Աստված։ «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք». սրանք Մարիամի վերջին խոսքերն են՝ գրված Հովհաննեսի Ավետարանում։ Սա մի յուրօրինակ ուղերձ ու կտակ է, որ Սուրբ Կույսը թողնում է մեզ։ Սա Աստվածորդու մոր առաջին ու վերջին խոսքերն են ուղղված համայն մարդկությանը։ Մարիամն առաջինն է նկատում, երբ բերկրանքը վերանում է մեր խնջույքներից և միակն էր, որի բարեխոսությունների ու խնդրանքների շնորհիվ Որդին կատարեց իր առաջին հրաշքը։ Մարիամն օգնում է մեզ տեսնել ու հասկանալ, որ Աստծու համար շատ կարևոր է մարդկային երջանկությունը։ Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է հիշատակում Մարիամի ներկայությունը խաչի մոտ։ Խաչի մոտ կանգնելը մեզ ցույց է տալիս, որ Մարիամն այդ դժվար պահին ընկերակից էր իր Որդու տառապանքին։ Երուսաղեմի դիմաց գտնվող բլրի վրա խաչված Որդին նույնիսկ Իր տառապանքի մեջ չի մոռանում մորը և դիմում է նրան՝ ասելով․ «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ «Կին» եզրն այստեղ ցույց է տալիս Մարիամի և առաջին կնոջ՝ Եվայի միջև հաստատված կապը։ Մարիամն այսպիսով դառնում է բոլոր կենդանի էակների մայրը:  Հիսուս Քրիստոս խաչին գամված՝ խնդրում է Իր մորը դուրս գալ վշտից և մխիթարվել։ Քրիստոս Իր մոր օրինակով ցույց է տալիս, որ ինչքան էլ ծանր ու դժվար լինի վիշտը, պետք է դուրս գալ դրա կապանքներից և մխիթարություն գտնել։ Հիսուսի բացահայտ կամքով Մարիամի ֆիզիկական մայրությունը դառնում է հոգևոր։ Խաչի մոտ կանգնած Հովհաննեսը ներկայացնում է այն հավատարիմ աշակերտին, ով Քրիստոսի թվացյալ պարտության ու ձախողման մեջ տակավին հավատում ու վստահում է անհավատալիին։ Մարիամը ներկայացնում է ուժգին ու արգասավոր սեր, ինչպիսին որ մայրական սերն է, իսկ Հովհաննեսը՝ անսասան հավատք առ Աստված։  Գողգոթայի գագաթին Հիսուս Քրիստոս, Մարիամը և Հովհաննեսն այլաբանորեն պատկերում են քրիստոնեական եկեղեցին, որը հիմնված է առ Աստված ունեցած սիրո, հավատքի և հույսի վրա։ 

 

Պատրաստեց

Հերիքնազ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

  • 2022-08-17
×