Աստծո բարությունը մեզ ապաշխարության է առաջնորդում

Աստծո բարությունը մեզ ապաշխարության է առաջնորդում

Հաճախ ինքս էլ ասում եմ՝ Աստված պատժեց ինձ կատարածս սխալի համար: Երբ Աստծուն ավելի լավ ճանաչեցի, հասկացա, որ Նա ամենևին նպատակ չունի մեզ պատժելու, ընդամենը ցանկանում է սովորեցնել՝ որն է ճիշտ ու ազնիվը: Ու ինչու՞ ենք մենք հաճախ այս երևույթը կոչում «պատժել»: Ինչու՞ չենք հասկանում, որ Աստված չի պատժում, պարզապես ցանկացած սխալ արարք ունենում է հետևանք, որին պետք է տեր լինել:

 

Ամեն անգամ Տիրոջ հետ զրուցելիս, խնդրում եմ միայն մեկ բան, որ ինձ սովորեցնի ճիշտ ապրել: Ես լավ եմ տեսնում իմ սխալական կյանքը, այնտեղ ամեն բան իդեալական չէ, գուցե երբեք էլ չլինի, բայց դա չի նշանակում, որ իմ կյանքում Տերը չկա: Ես Նրա հետ եմ հասկանում և ընդունում իմ սխալները:

 

Աստված օրհնում էր Իրեն հավատացողներին. օրինակ՝ Հին կտակարանի Ծննդոց գրքում կարդում ենք, Աբրահամը Աստծո օրհնությանը արժանացավ, որովհետև հավատաց և հետևեց նրան (Ծննդ 15:6):

 

Տիրոջ կամքը մեկն է, որ իր ստեղծած արարածները սովորեն անսխալական կյանքով ապրել, գուցե մեզ մոտ դժվարությամբ ստացվի այդպես ապրելը, որովհետև սխալները մեզնից անպակաս են, բայց Աստծո հետ ապրելով՝ սովորում ենք կատարած ամեն վատ քայլից հետո մեծ դասեր քաղել, վերլուծել ու մի պահ շրջվել՝ հասկանալու համար՝ որտեղ եղավ մեր սխալը: Ցավոք, երբեմն գիտակցում ենք, որ թերանում ենք, բայց չենք ցանկանում շտկվել: 

 

Աստված սեր է, ինչպես ասված է Սուրբ Գրքում, և սերը չի կարող պատժել: Սակայն Աստծուց երկյուղ ունենալը յուրաքանչյուր քրիստոնյայի մղում է մեղքեր չգործելու, ապաշխարության ու աստվածահաճո կենցաղի հաստատման: Հենց այս պարզ ճշմարտության գիտակցումով է, որ պիտի ապրենք ու հիշենք աստվածաշնչյան այս խոսքը, թե «Չգիտե՞ս, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռոմեացիներ 2:4):

 

  • 2022-08-19
×