Աստվածամոր Վերափոխման իննօրյա տոնական շրջանին հաջորդում է Աստվածածնի ծնողների՝ Ս. Հովակիմի և Աննայի և յուղաբեր կանանց տոնը, որ կատարվում է երեքշաբթի:
Հովակիմը և Աննան Աստծո կողմից գերագույն պատվով փառավորվեցին՝ բոլոր նախահայրերից ու նախամայրերից ավելի, քանի որ ընտրվեցին լինելու ծնողն Աստվածորդու ծնողի, և իրական նախահայր և նախամայր տիեզերքի Փրկչի:
Մի օր, երբ Հովակիմն Աստծո տաճարում մյուսների հետ իր ընծան էր մատուցում, պաշտոնակատար քահանան ասաց, որ ինքը պիտի բոլորից հետո ներկայանա, քանի որ զավակ չունի: Սրանից Հովակիմը շատ վիրավորվեց, թողեց տաճարը և իր հովիվների հետ լեռը բարձրացավ. «և մտադրվեց տուն չվերադառնալ և ոչ էլ ուտել կամ խմել, մինչև որ Աստված իրեն չայցելեր»:
Մի օր Աննային երևաց Աստծո հրեշտակը և ասաց, որ իր աղոթքները լսվել են և ահա Աստված իրենց մի մանուկ պիտի շնորհի, որի անունը ամբողջ աշխարհով մեկ պիտի տարածվի: Աննան ուխտ արեց, որ եթե երեխա ունենա, տղա, կամ աղջիկ Աստծուն պիտի ընծայի: Կարճ ժամանակ անց Աննան հղիացավ և մի հրեշտակային մանուկ ծնեց, քանի որ նորածինը լույսի պես մի աղջիկ էր, «որով օրհնվեցին բոլոր ազգերը», Մարիամ անվանակոչեցին, որը նշանակում էր լուսավորյալ:
Ըստ ավանդության, Հովակիմը չի տեսել իր թոռնիկին՝ Հիսուսին, իսկ Աննան տեսել, երջանկացել և քիչ ժամանակ հետո խաղաղությամբ վախճանվել է;
Հովակիմի և Աննայի հիշատակը, Հայ Եկեղեցին կատարում է Յուղաբեր կանանց հետ:
Քրիստոսի խաչելությունից հետո կանանց դերը մեծ եղավ Նրա խոսքը քարոզելու, Տիրոջ եկեղեցու հիմնադրման և բարեզարդման գործում: Իրենց բնական կոչմամբ լինելով ընտանեկան օջախի կրակը պահպանողներ՝ կանայք եղան նաև Քրիստոսի լույսը մարդկանց սրտերի մեջ պահպանողները: Եվ այդ ճանապարհին բազում կանայք նահատակվեցին հանուն այդ լույսի և սրբացան:
Յուղաբեր կանանց մասին առաջին հիշատակությունը մենք գտնում ենք Ղուկասի Ավետարանում. «Դրանից հետո Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետում Աստծու արքայությունը: Եվ նրա հետ էին Տասներկուսը և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթը դև էր դուրս եկել, Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքից մատակարարում էին նրան» (Ղուկ. Ը, 1-3): Այդ կանայք ոչ միայն լսում էին Քրիստոսի խրատները, այլ նաև ծառայում էին Նրան: