Մեզանից ամեն մեկը բարություն ասվածը տարբեր կերպ է պատկերացնում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Բայց մեկ բան շատ հստակ է, մենք բարություն ենք անում, որովհետև այդ պահին մեր սրտում և մտքում աստվածային կամքն է տիրում:
Ժպտալը, լավ վերաբերմունքը, ապրումակցելը, օգնության ձեռք մեկնելը, անհրաժեշտության պահին կողքին լինելը. այս բոլորը մեր կողմից բարության դրսևորումներ են, որ մենք կարող ենք ցուցաբերել դիմացինի հանդեպ: Ամեն մի բարի քայլ անելուց հետո, պետք է մտածել, որ ևս մեկ քայլով մոտենում ենք Տիրոջը, արժանանում նրա սիրուն ու կարեկցանքին:
Բարությունը, թերևս մարդու էության մի մասն է և Աստծո կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է. «Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով» (Եփես․ 4։32):
Իրար հանդեպ բարի լինելու կարևորագույն պայմանն էլ, իրականում, այս է՝ դիմացինին ընդունենք այնպիսին, ինչպիսին՝ կա, չփորձենք պահանջել նրանից ավելին:
Երբ փորձում ենք կյանքի հանդեպ բարություն ցուցաբերել, ակամայից դառնում ենք նաև լավատես, գնահատում ենք Աստծո կողմից տրված այս պարգևը, որ կոչում ենք կյանք: Ու ամեն ապրած օրվա հետ փորձում ենք աշխարհը դարձնել ավելի լավը, որովհետև այն կատարյալ դարձնելու պատասխանատվությունը հենց մեր վրա է: Բարությունը անհավանական ուժ է ու շատ կարևոր է, որպեսզի այդ ուժը լինի գործող, այլ ոչ թե արտահայտվի միայն խոսքերով: Բարությունը Աստծո կողմից գնահատվող մարդկային ամենաբարձր որակն է, որի դիմաց ինչ-որ պահի մենք վարձատրվում ենք ու եթե ընդունենք, որ բարությունը ես եմ, դու ես, բոլորս ենք, ապա ամեն բան ավելի հեշտ կլինի: