«Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին»
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հին և Նոր Կտակարանների երկու մեծ սրբերի` Հոբ Արդարի և Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրը։
Երկու արդարները հավատարիմ մնացին Աստծուն իրենց գործով, ապրեցին աստվածահաճո կյանքով՝ արժանանալով իրենց արդար վարձքին։
Սուրբ Հովհաննես Կարապետի մասին Սուրբ Գրքում այսպես է գրված․ «Կար մի մարդ` Աստծուց ուղարկված. Նրա անունը` Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1:6-8):
Նա եկել էր աշխարհ Քրիստոսից առաջ՝ հստակ առաքելությամբ, որ վկայի Քրիստոսի Գալուստը։ Սրբի անվախ քարոզչությունը տեսնելով՝ մարդիկ հարցնում էին՝ արդյո՞ք հենց ինքը՝ Հովհաննեսն է Մեսիան՝ Փրկիչը։ Սակայն խոնարհ Հովհաննեսը ժխտում էր և ավելացնում․ «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11): Հովհաննես Մկրտիչը հնարավորություն ու առաքելություն ունեցավ Քրիստոսին մկրտելու։ Նա Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է համարվում։ Սուրբ Հովհաննեսին տրվեց շնորհը՝ Քրիստոսին մկրտելու, սակայն իր կոչման մեջ էլ ազնիվ մնալով՝ հարցրեց Քրիստոսին․ «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մատթ. 3:14): Հիսուսի պնդելուց հետո զիջեց և մկրտեց հայտարարելով. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29)։
Հովհաննես Մկրտիչը կոչ էր անում ապաշխարության․ «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10),-ասում էր նա:
Հոբ Արդարը, ով արդեն մեզ հայտնի է Հին Կտակարանից, կրողն էր նույն գաղափարի՝ անսպառ սեր, եղբայրասիրություն, արդարություն, զղջում և ապաշխարություն։ Նա «ճշմարտախոս էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1)։ Հոբն ուներ մեծ ունեցվածք ու ընտանիք։ Սակայն ենթարկվեց փորձության, և զրկվելով հարստությունից, զավակներից՝ հիվանդացավ՝ դառնալով բորոտ։ Այնուհանդերձ նա երբեք չմեղանչեց Աստծո դեմ և անգամ կնոջ դժգոհությանն ի պատասխան՝ ասաց. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել:
Հոբ Արդարն իր օրինակով ցույց է տալիս, որ բոլոր փորձությունները հաղթահարելի են, եթե սիրով մոտենանք Աստծուն։ Նա վկան է այն բանի, որ փորձությունները, որոնք հաղթահարում ենք՝ Աստծուն մեզ ապավեն ունենալով, մշտապես մղում են դեպի բարին, մինչդեռ հուսահատությունը գալիս է չարից։
Երկու արդար սրբերն էլ օրինակ են մեզ համար Աստծուն հաճելի կյանքով ու վարքով ապրելու։ Նրանց խոնարհ կերպով ընդունել էին իրենց առաքելությունը և քայլում էին Աստծուց տրված իրենց ուղով՝ աստվածահաճո կերպով։ Նրանք, լինելով զանազան փորձությունների ու գայթակղությունների մեջ, միևնույն է, տեսնում էին աստվածային լույսը, որ առաջնորդում էր իրենց՝ ցույց տալով ճշմարիտ ճանապարհը։ Նրանք թեև լույսը չէին, սակայն ծնված էին՝ վկայելու Լույսի մասին։