Աստված մեր վերջին հույսը չէ, Աստված մեր միակ հույսն է

Աստված մեր վերջին հույսը չէ, Աստված մեր միակ հույսն է

Ո՞ւմ վրա է մեր հույսը, ու՞մ ենք մենք ապավինում մեր կյանքի դժվարին պահերին: Այս հարցերի պատասխանը չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս համար: 

 

Շատ անգամ ենք համոզվել ու հավատացել, որ մեր միակ հույսը Տերն է, չկա այլ մեկը, ով կարող է հանել մեզ խավարից ու ցույց տալ դեպի լույս տանող ճանապարհը: Ու մի հազար անգամ էլ համոզվել ենք, որ ամենաանելանելի պահերին անգամ Աստված մեզ հետ է, Նա չի թողնում, որ անհուսությունը մեզ տանի ու հեռացնի իրենից: 

 

Հետաքրքիր մի բան եմ հասկացել, չնայած ինքս էլ չէի ցանկանա, որ այդպես լիներ, բայց դա է ճշմարտությունը. միայն ծայրահեղ իրավիճակներում ու ծանր դժվարությունների ժամանակ է երևում, թե, իրականում, ում վրա է մեր հույսը: Միայն հիասթափությունների ու անհուսության պարագայում է բացահայտվում, թե ո՞ւմ ենք ապավինել այդ ծանր օրերին: Շատ հաճախ մեզ թվացել է, որ մեր միակ հույսը մենք ենք ու կարող ենք ինքներս դուրս գալ ստեղծված իրավիճակից, բայց իրականում Աստծո կամքն է եղել, որ մենք շարունակ չտանջվենք ու չարտասվենք:

 

Թերևս, հույսը ճշմարիտ ու իրական չէր լինի և մարդուն ուժ ու քաջություն չէր ներշնչի, եթե այն միայն սպասում լիներ, եթե նրա առարկան ու նպատակը բացակայեին ներկայից: Ներկայում քրիստոնյայի հույսը Քրիստոսն է, Ով ասաց. «Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):

 

Քրիստոնեական հույսն օգնում է հոգևոր կյանքի զարգացմանը, քրիստոնյային օգնում է առավել նախանձախնդիր լինելու իր փրկության հանդեպ: Քրիստոնյայի հույսի գլխավոր առարկան ապագա կյանքն է: «Ուստի մտքով պատրաստ և արթո՛ւն եղեք՝ ձեր ամբողջ հույսը կապած փրկության պարգևին, որ տրվելու է ձեզ, երբ հայտնվի Հիսուս Քրիստոսը» (Ա Պետ. 1:13),- ասել է Պետրոս առաքյալը:

 
  • 2022-09-02
×