«Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը Քո» (Սաղմ․ 50։17)

«Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը Քո» (Սաղմ․ 50։17)

«Եփփաթա, որ է՝ բացվի՛ր» (Մարկ. 7։34)

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի պահոց Բարեկենդանը, ինչը նշանակում է, որ գալիք շաբաթը պահոց օրեր են։

 

Ինչպես գիտենք, Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է։ Այս մեկը նվիրված է տաղավար տոներից Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ: Կիրակի օրը՝ Խաչվերացին, հավատացյալներն արդեն դուրս կգան պահքից՝ տոնելով Խաչվերացը՝ ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման կամ վերացման: 

 

«Եփփաթա, որ է՝ բացվի՛ր» (Մարկ. 7։34),- մեր Տեր Հիսուս Քրիստոս Գալիլիայի ծովեզրին կատարեց մի հրաշք՝ բժշկելով խուլ ու համր մի մարդու և հաստատեց ավետաբեր մարգարեությունը, թե «Աստված բնավ չի ցանկանում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը» (Եզեկ. 33։11): Մարկոս Ավետարանիչն է այս դրվագը պատմում՝ վկայելով «Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։ Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Քրիստոս երկինք նայեց, հառաչեց և ասաց՝ «Եփփաթա», որ նշանակում է «բացվի՛ր»։ Նույն պահին նրա ականջները բացվեցին, լեզվի կապանքներն ընկան, և վարժ խոսում էր։ Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։ Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»» (Մարկ 7։31-37)։

 

Խուլ ու համրը չէր կարող լռել, և բոլորին պիտի պատմեր հրաշքի մասին Քրիստոս բացել էր նրա ականջներն ու բերանը, բուժել էր նրան։ Հետաքրքրական է, որ Խաչվերացի նախորդող օրը Հայ Եկեղեցում Նավակատիք է՝ տոն Նորաշեն Տաճարի։ Եվ Եկեղեցու, քրիստոնյայի հիմանական առաքելությունն էլ հենց այս է՝ քարոզել Քրիստոսի ներկայությունը, պատմել Քրիստոսի գործերի, հրաշքների, ոչ միայն մարմնական, այլև հոգևոր բժշկությունների մասին։ 

 

Այսօր մենք նման ենք խուլ ու համր այն մարդուն, ում բժշկեց Քրիստոս։ Մենք ենք, որ մեր կյանքով փաստելու ենք Նրա կենդանարար ներկայության մասին ներկայություն, որ բացում է մեր ականջները, բերանը, մեր հոգին ու սիրտը, որը բժշկում է և ներում։ Ի վերջո ներկայություն, որն իմաստ է հաղորդում։

  • 2022-09-04
×