«Ինչո՞ւ էիք ինձ փնտրում» (Ղուկ․ 2։49)
Սովոր ենք մեր հավատքի որոնումների մասին խոսելիս երբեմն ասել՝ դեռ չեմ գտել Աստծուն, Աստծո փնտրտուքների մեջ եմ, և կամ էլ ասել՝ որտե՞ղ գտնեմ Աստծուն։ Մենք զբաղված ենք Աստծուն որոնելու գործով, երբ ցանկանում ենք հաստատել մեր հավատը, երբ ցանկանում ենք էլ ավելի ճանաչել Քրիստոսին։ Սովոր ենք Նրան փնտրել դրսում՝ շարունակաբար գուցե անգամ հուսահատվելով, թե գուցե անօգո՞ւտ է մեր գործը, գուցե սխա՞լ տեղ ենք փնտրում կամ գուցե Աստված չի՞ ցանկանում հայտնվել մեզ, չի՞ ցանկանում, որ ճանաչենք Իրեն։
Մեր այս մտածումների ու հարցերի պատասխանը մեզ տալիս է Աստվածաշնչի այն դրվագը, երբ տասներկու տարեկան Հիսուսին Աստվածածինն ու Հովսեփը Տաճար տարան (Ղուկ․ 2։41-50)։ Քրիստոս այնտեղ մնաց, երբ ծնողները, անտեղյակ Նրա այս որոշումից, վերադարձան՝ կարծելով, թե որդին վերադարձող ազգականների ու ծանոթների մեջ է։
Սակայն ճանապարհի կեսին, երբ չգտան Նրան, որոշեցին ետ դառնալ Երուսաղեմ՝ փնտրելու։ Քրիստոսին, միայն երեք օր անց գտան Տաճարում․ «վարդապետների հետ նստած՝ լսում էր նրանց և հարցեր տալիս» (Ղուկ․ 2։46)
Սուրբ Գիրքը պատմում է․ «Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ» (Ղուկ․ 2։48-49)։
Հովսեփն ու Մարիամը վախեցած փնտրում էին Քրիստոսին, երբ հանդիպեցին Նրա պարզ զարմանքին՝ ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ իմ Հոր տանն եմ։ Այսօր էլ մենք, երբ որոնում ենք Աստծուն կամ կարծում ենք, թե որոնում ենք, ինքներս մեզ տանք Քրիստոսի այս պարզ հարցը՝ ինչո՞ւ։ Այո՛, ինչո՞ւ ենք փնտրում Նրան, մի՞թե չգիտենք Նրա գտնվելու վայրը։
Առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա․ Կոր․ 3։16)։
Ահա, թե ինչու է Քրիստոս զարմանում, երբ փնտրում ենք Նրան․ Նա մեր մեջ է։