«Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: Գաղատացիներին 6.14
Հաճախ է տրվում այն հարցը, թե ինչու է քրիստոնեական Եկեղեցին մեծարում խաչը, որով սպանել են Քրիստոսին: Իրականում սա մի մոլորեցնող քայլ է՝ ուղղված մարդկությանը, քանզի խաչի միջոցով կարող ենք պարտության մատնել սատանային և հաղթանակած մոտենալ Քրիստոսին: Քրիստոնյան կարիք ունի հասականալու խաչի` Հիսուս Քրիստոսի տնօրինական մեծ խորհուրդն իր հավատքի և նվիրումի մեջ անսասան մնալու համար:
Խաչի վրա Աստված կատարեց մարդու մեղքերի քավության գործը: Մարդն ազատվեց մահվան դատապարտությունից, իսկ խաչը դարձավ մեղքի և մահվան դեմ տարված հաղթանակի, սատանային սաստելու ու պարտության մատնելու զենքը: Տերը խաչի վրա պատարագվեց, Նա ընտրեց խաչվելու` ամենաանարգ մահը համարվող ճանապարհը, որպեսզի հերթական անգամ ցույց տար սիրո մեծությունը և խոնարհության աստիճանը, քանզի. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16): Այսինքն` խաչը դարձավ նաև հավիտենական կյանքը ժառանգելու ճանապարհը:
Ինչո՞ւ ենք պատվում խաչը: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ խաչին է տրված հատուկ պատիվը, քանզի մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր սիրող գիրկը կանչող Քրիստոսին: Այսինքն` խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին: Եվ յուրաքանչյուր մարդ խաչաձև է, յուրաքանչյուր մարդ, ով իր կերպը ստացել է Քրիստոսից, Ով թեև ծնվեց ժամանակների մեջ, բայց վեր է ժամանակներից և մասնակիցն է արարչագործության:
Խաչի մասին կան բազմաթիվ մեկնություններ և նրա յուրաքանչյուր հատվածի շուրջ` բացատրություններ. ստորին մասը դժոխքն ավիրեց, վերին մասը երկնքի դռները բացեց, աջակողմյան հատվածը շնորհներ բաշխեց մարդկանց, իսկ ձախակողմյանը` դատապարտեց մեղավորներին:
Քրիստոնյա լինելու առաջնային նշաններից մեկը խաչակնքելն է` խաչի կնիքը մեզ վրա դնելը: Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը: Արթնանալիս, աղոթելիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, գործ սկսելիս, ճաշելիս, քնելիս, ինչպես նաև նեղության, հիվանդության, վտանգի դեպքում քրիստոնյան գրեթե միշտ խաչակնքում է, որով հերթական անգամ վկայում է իր դավանանքը և խնդրում Քրիստոսի պաշտպանությունն ու օրհնությունը:
Խաչակնքելով խորհրդանշում ենք Բանն Աստծու երկնքում լինելն ու երկիր իջնելը և դժոխքն ավերելը, որը ձախակողմյանների տեղն է, և դարձյալ Հոր Աջ կողմում նստելը: Անհրաժեշտ է երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնել իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը, և մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմել ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը` որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար): Խաչակնքելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան` մեղավորների դասում եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքելիս, երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, վկայում ենք, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ նշում ենք, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս: Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով՝ «Ամեն»` հաստատում ենք այս ամենը:
Որևէ բարի գործ չի կարող լինել առանց ինքնախոնարհումի, առանց նվիրումի և զոհողության: Ահա այսպես էլ Աստված խոնարհվեց, երկնքից իջավ երկիր, կրեց զրկանքներ, չարչարվեց ու խաչվեց, որպեսզի փրկի մարդկանց, ընկած մարդուն նորից վեր հանի:
Հայոց երկիրն անգամ պատված է խաչքարերով, խաչի նշաններով, որոնց միջոցով մեր պապերը հայրենյաց տարածքները հանձնել են խաչի պաշտպանությանը:
Արդ, համաձայն մեզ ավետարանված այս խոսքերի. «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթեոս 10.38), վերցնենք մեր խաչն ու կրելով այն և՛ մեր սրտում, և՛ պարանոցին, մոտենանք Խաչվերացի փառահեղ տոնին և նրա զորությամբ հաղթենք սատանային` չմոռանալով, որ. «…աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղատացիներին 6.14): Չհրաժարվենք խաչի նշանից, չամաչենք ինքներս մեզ խաչով տեառնագրելուց: Չլիներ խաչի մահը, չէր լինի Հարությունը, և մենք այսօր չէինք ունենա փրկվելու հույսը: Եվ միշտ հիշենք. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է: Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթեոս 10.32-33):
Պատրաստեց
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ