Որքան էլ ինքնավստահ ու համարձակ լինենք, ու թվա, որ ամեն բան կարող ենք ինքնուրույն անել, միևնույն է գալիս է մի պահ, որ օգնության կամ խորհրդի կարիք ենք ունենում: Ու նման պահերին մեր հայացքը հառում ենք դեպի վեր, որովհետև միայն Աստծուն կարող ենք ապավինել ու վստահել: Երբ հայտնվուն ենք մեծամտության թակարդում, կորցնում իրականության զգացումը ու հայտարարում, որ այս աշխարհում մեզ ոչ ոք պետք չէ, հենց այդ պահին տեղի է ունենում մեր ու Աստծո բաժանումը: Ես այդ ճանապարհի կեսից եմ հասկացել, որ առանց Աստծո ոչինչ եմ:
Ոչ մի անհատ չի կարող առանց Աստծո իր համար ճիշտ կյանքի ուղի հարթել, որքան էլ մեզ թվա, որ մենք ամեն բան անում ենք ճիշտ, միևնույնն է այնտեղ բացակայում է Աստծո կամքը, հետևաբար ամեն բան սին է ու դատարկ: Ժամանակին, իմ կյանքում ինչ-որ բան սխալ էր, որովհետև այնտեղ բացակայում էր Մեկը, Ով առաջինը պետք է լիներ:
Ու այդ պահին դարձել եմ դեպի Տերը, խնդրել Նրան ներել ինձ այն մեծամտության համար, որ ցուցաբերել եմ: Ես հասկանում եմ, որ մեղք եմ գործել, չէ որ ինձ վեր եմ դասել, բայց եթե մեկը լիներ, ով ինձ բացատրեր, որ այդպես երկար չեմ կարող գնալ, վստահաբար, դա իմ մեջ շատ բան կփոխեր: Ու երբ չկար այդ մեկը, ինձ օգնության եկավ Աստվածաշունչը: Ես իմ սխալները միայն այնտեղ կարողացա տեսնել:
Հիմա արդեն հասկացել եմ, որ Աստված մեզ չի թողոււմ սխալական կյանաքով շարունակել, Նրա նպատակը, մեզ ճշմարիտ կյանքով ապրեցնելն է: Ես ցավում եմ, որ իմ կյանքում եղել է նաև այդպիսի ժամանակաշրջան, երբ մտածել եմ, որ առանց Աստծո էլ կարող եմ ապրել, բայց երբ տեսնում ես, որքան քաղցր է Նրա հետ ապրելը, այլևս չես ցանկանում զրկվել այդ քաղցրությունից: