Շարունակ բամբասելու և իրար հետևից չարախոսելու սովորությունը շատերիս կործանում է, բայց չենք նկատում այդ ամենի հետևանքները: Ու քանի դեռ չենք պատժվում մեր` գուցե անգամ անգիտակցաբար գործած սխալների համար, թվում է՝ ամեն բան ճիշտ ենք ասում, դրա համար էլ անպատիժ ենք մնում:
Սակայն, հիմա նայենք այս հարցին հակառակ կողմից: Ավելի ցավոտ բան չի կարող լինել, երբ լսում ենք, որ մեր մասին չարախոսում են, ու շատ հաճախ այդ խոսքերի մեծ մասը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ի՞նչ կարող ենք անել մենք նման իրավիճակներում: Նայենք այս հարցին քրիստոնյայի աչքերով:
Գիտենք՝ համբերությունն ու մեծահոգությունն է, որ ստիպում է մարդուն դիմանալ, սպասել ու չչարանալ: Աստվածաշնչում ասված խոսքը վկայում է. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12.36): Տերը չի ներելու չարախոսներին, անիմաստ զրպարտողներին, քեզ մեղադրողներին: Բայց կարևոր է, որ մենք այս պատգամը մեր մտքում պահենք հենց մեզ համար։
Իսկ երբ չարախոսում են մեր մասին, ապա մեզանից պահանջվում է համբերատարություն դրսևորել ու հուսալ, որ մի օր անպայման գալու է օրը, ու բոլորը տեսենլու են իրենց սխալները ու շտկելու դրանք:
Ու եթե կարող ենք իրար սիրելով ապրել, ուրեմն եկեք հենց այդպես էլ անենք, որովհետև Աստծուն դուր չի գալիս, երբ Իր զավակները միմյանց դեմ են դուրս գալիս. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13.34):