Երբ ասում ենք մեղք ենք գործել, շատերս չենք պատկերացնում այս բառի իմաստի խորությունը, մեզ թվում է՝ դա մի թեթև սխալ է, որը ժամանակի հետ կամ կմոռանանք, կամ էլ հիշելով, բայց չտանջվելով կապրենք:
Իրականում, այդպես չի լինի, եթե մենք մեր կատարած ամեն մի սխալի հետ հաշվի նստենք ու գիտակցենք՝ դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ:
Մենք՝ մարդիկս, անսխալական չենք ու չենք էլ լինի, բայց մեր կյանքի ամենօրյա գործերով կարող ենք ապացուցել, որ արժանի ենք Տիրոջ գթությանը: Սա, թերևս, մեր կյանքի ամենից կարևոր նպատակը պետք է լինի:
Մի պահ պատկերացնենք, թե որքան դատարկ ու տխուր կլինի կյանքը, երբ մեզ պարզապես լքած ու անտեսած լինի Տերը: Լինում են դեպքեր, երբ դեմ ենք գնում ինքներս մեզ ու անում բաներ, որոնց համար վստահաբար հետո պատասխան ենք տալու։ Ու, երբ զգում ենք, որ մեղավոր ենք, բայց արդեն ոչինչ հետ բերել չենք կարող, հիշենք աստվածաշնչյան այս տողերը ու նորից լցվենք հավատով, մտածենք, որ ամեն բան կորած չէ. «Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը» (Սիրաքի իմաստ. 17.27-28):
Աստված Իր մեծ սիրո շնորհիվ փորձում է ցույց տալ, որ կյանքում ամենից կարևորը մաքուր ապրելն է, չպետք է խղճին դեմ գնալ ու անել այնպիսի բաներ, որոնց համար անպայման մեկ օր զղջալու ենք: Անթերի կյանքով այո՛, շատ դժվար է ապրել, դա մեզ համար գուցե անհասանելի մի բան է, բայց կարող ենք խղճով ու մաքուր հոգով ապրել: Այս մեկը հաստատ հնարավոր է ու ամենևին պետք չէ արդարանալ ու ասել, որ խղճով ապրելը այլևս անհնար է: