ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը մասնակցեց Երևանի Հ. Շահինյանի անվան ֆիզ.մաթ հատուկ դպրոցի գրաբարի ամփոփիչ բաց դասին: Տեր հայրն այստեղ շաբաթներ առաջ մասնակցել էր նաև ծրագրի մեկնարկին:
Դասը տեր հոր գլխավորությամբ սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա տեր հայրը աշակերտներին ու դպրոցի աշխատակազմին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունները:
Դասն անց էր կացնում դպրոցի փոխտնօրեն, մայրենիի դասավանդող Անժելա Նազարեթյանը: 10-րդ դասարանցիները կրկնեցին գրաբարի ուղղախոսություն ու ընթերցանության կանոնները, արտասանեցին գրաբար տեքստեր Ս. Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», Ս. Մեսրոպ Մաշտոցի օրհներգերից, Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմից:
Տեր հայրն բարձր գնահատանքի խոսքեր ասաց աշակերտներին, ովքեր գրաբարի ուսուցումը դարձնում են իրենց առօրյայի մի մասը, քանի որ գրաբարը պիտի օգնի իրենց բացահայտելու հայրենի ժառանգության անհայտ էջերը, գիտելիքն ու ուսումնասիրությունները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին