«Տերը ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ»

«Տերը ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ»

Ինչո՞ւ են պատերազմում՝ խաղաղություն երազելով

 

Թվում է՝ պատերազմներն արդեն սովորական են դարձել մեզ համար։ Լսելով դրանց սկսվելու մասին լուրերը՝ նախկին տագնապն այլևս չի այցելում մեզ, քանզի, խոստովանենք, դրանք արդեն իսկ մեր առօրյայի մի մասն են դարձել։ Անշուշտ, նեղսրտում ենք, ցավում ենք ու տառապում, սակայն միաժամանակ թվում է՝ մեր առօրյայի հերթական տհաճ միջադեպն է, կանցնի՝ առանց քայլեր ձեռնարկելու։ Ողջ աշխարհն է այսօր պատերազմի մեջ։ Եվ թվում է՝ ողջ աշխարհն էլ անզոր է պատերազմի դեմ։

 

Նման պահերին, երբ պատերազմող աշխարհի դեմ միայնակ ենք մնում մեր հարցերի հետ, դիմում ենք Տիրոջը՝ հարցնելով՝ ի՞նչ է պատերազմը, հանուն ինչի՞ են պատերազմում, եթե ամենքը խաղաղություն են երազում։ 

 

Պատերազմի ողջ չարիքը սահմանված է Սուրբ Գրքում՝ Նոր Կտակարանում։ Ասված է «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին» (Հակոբոս 4։1-3)։ 

 

Պատերազմը ոչ թե հանուն է, այլ ընդդեմ։ Աստծուն բնավ հաճելի չեն այնպիսի երևույթներ, որ կոչված են պայքարելու ոչ թե հանուն, այլ ընդդեմ սիրո։ Այո, պատերազմները մեզ բաժանում են միմյանցից, տանում են մեր սիրելիներին, մգեցնում գույները մեր կյանքում, հեռացնում սիրուց։  Սակայն սա կատարվում է մի աշխարհում, ուր բոլորը երազում են խաղաղության մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ յուրաքանչյուրը երազում է ի՛ր պատկերացրած խաղաղությունը։

 

Մինչդեռ պատերազմը մեկն է։ Այն բոլորին անխտիր դարձնում է անզոր, և արդյոք նկատե՞լ ենք, որ նման օրերում հզոր են ոչ նրանք, ովքեր ձեռքին ունեն հզոր զենքեր, այլ նրանք, ովքեր ունեն հավատ առ Տերը և պայքարում են հանուն խաղաղության, հանուն կյանքի ու սեփական արժեքների։ 

 

Կարծում ենք՝ ստիպված ենք մի կերպ համբերել, ժամանակ շահել՝ մնալով մեր անզորության մեջ՝ վախը մեր սրտերում՝ սպասելով, թե երբ պիտի ավարտվի այս աղետը։ Աստվածաշունչը, սակայն, հուսադրում է « Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։ Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ» (Բ Օրենք 1։29-30)։ Լինե՛նք արդար, քանզի հենց դա՛ է երաշխիքը հաղթանակի։ Խնդրե՛նք առաջնորդություն ամենազոր Աստծուց։

 
  • 2022-09-14
×