Նկատել եք, որքան հեշտ է չարը մեզ գցում իր ճիրանը ու տանում իր հետևից: Ապրում ենք ու չենք էլ նկատում, ինչպես է փոխվում մեր հոգին, ինչպես ենք դառնում անտարբեր ու անզգամ աշխարհի ու մարդկանց հանդեպ:
Բարու և չարի միջև ընտրության խնդիրը նույնքան հին է, որքան աշխարհը, սակայն այն արդիական է նաև այսօր։ Առանց բարու և չարի էությունը հասկանալու անհնար է հասկանալ ոչ մեր աշխարհի էությունը, ոչ էլ մեզանից յուրաքանչյուրի դերն այս աշխարհում: Ամեն դեպքում մեկ բան շատ հստակ է, Աստված մեզ ստեղծել էր, որ բարու մեջ ապրեինք ու այն տարածողը լինեինք, քանզի սա է յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքը:
Ի՞նչ է չարը իրականում.
Այն մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է։ Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս։
Կարծում եմ ՝ բոլորիս մեջ էլ կան ապրող այդ երկու բևեռները ՝ չարն ու բարին։ Ընտրությունը մերն է, որովհետև մարդ արարածն է ընտրում, թե իր մեջ որ բևեռը պետք է գերակշռի։ Բոլորիս կյանքում էլ պայքար կա բարու ու չարի, բայց բոլորս էլ հակված ենք բարին ընտրելուն և դա ճիշտ ճանապարհն է։ Չմոռանանք՝ Աստվածաշնչում ինչ է ասվում այս մասին. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին». (Հռոմ.12.21):
Բարությունը անկեղծ զգացմունքների դրսևորում է, մեկ ուրիշին օգնելու ցանկություն և առանց դրա համար երախտագիտություն պահանջելու: Ու քանի ապրում ենք, այն պետք է լինի մեր կյանքի ամենակարևոր նպատակը: Սիրով ապրելուց ավելի գեղեցիկ ու թանկ բան չկա: Մի խնայեք սեր տարածելուց, որքան շատ ապրենք սիրո մեջ, այնքան ավելի երջանիկ ու օրհնված կլինենք Աստծո կողմից: