Խաղաղության գինը՝ ուժ

Խաղաղության գինը՝ ուժ

«Խաղաղություն ամենեցուն»

 

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14: 27)։ Քրիստոս համբարձվելուց առաջ մեզ փոխանցեց այս խոսքերը որպես պատգամ՝ ցույց տալով, որ Իր խաղաղությունը սոսկ երկրային չէ կապ չունի աշխարհի բարքերի ու աշխարհում տիրող ժամանակավոր իրավիճակների հետ։ Այսինքն՝ իրական՝ հոգևոր խաղաղությունն ունի մի աղբյուր, և այդ աղբյուրը Քրիստոս է։

 

Այս օրերին, երբ թվում է՝ աշխարհը գլխիվայր է շուռ եկել, մեր մտքերը կենտրոնացած են հենց այդ միակ գաղափարի՝ խաղաղության վրա՝ հոգևոր և աշխարհիկ իմաստներով։ Ո՞րն է խաղաղության գինը՝ հարցնում ենք մենք։ Եվ որքան էլ զարմանալի է, մի ինչ-որ ներքին ձայն ասես փորձում է «օգնել» մեզ՝ այս պատասխանը գտնելու հարցում՝ ասելով՝ գուցե պատերա՞զմն է։ Չէ՞ որ, ասում է այդ ներքին ձայնը, մինչև չկռվես, չես հասնի բաղձալի խաղաղության, պիտի պայքարես խաղաղության համար։

 

Պետք է պայքարել հանուն խաղաղության և դրանում երկրորդ տեսակետ չկա։ Եթե քո դեմ ելնում են սրով, այլ ինչո՞վ պիտի պատասխանես դու։ Եթե փորձում են սպանել քեզ, խլել քո մտերիմների կյանքերը և քո հայրենիքը, արդյո՞ք պիտի հանձնվես։ Անշուշտ ոչ։

 

Բայց վերադառնանք հոգևոր խաղաղության փնտրտուքին։ Չէ՞ որ աշխարհիկին զուգահեռ՝ այն ևս կորչում է՝ հնչած առաջին իսկ կրակոցի հետ։ Արդյո՞ք հոգևոր  խաղաղության գինը պատերազմն է և արդյո՞ք պայքարի գնով ենք հոգևոր խաղաղության հասնում։ Չէ՞ որ Սուրբ Պատարագին, երբ հնչում է խոսքը՝ «Խաղաղություն ամենեցուն», չի հնչում որպես պայքարի և պատերազմի կոչ, այլ հնչում է որպես պատգամ, օրհնանք։ 

 

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5։9)։ Ինը երանիների շարքում տեղ գտած այս մեկը կարծես մեր հարցի պատասխանն է։ Անսահման ուժ ու բարոյական բարձր արժեքներ են հարկավոր մարդուն՝ խաղաղարարության, հոգևոր խաղաղության հասնելու և այն պահպանելու համար։

 

Ստացվում է՝ երկու՝ հոգևոր և աշխարհիկ խաղաղությունների գինը ուժն է։ Պետք է ուժեղ լինել՝ երկու խաղաղությունները նվաճելու և պահպանելու համար։ Մի դեպքում՝ աշխարհիկ, մյուսում՝ հոգևոր զորություն է անհրաժեշտ։ 

 
  • 2022-09-16
×