Հուսահատության մեջ հայտնված յուրաքանչյուր մարդ, շատ լավ կհասկանա այն ամենը, ինչ զգացել ու ապրել եմ ես: Այս հոգեվիճակում երբևէ գտնվողներիս համար Աստված մի պահ գոյություն չի ունեցել, կամ ինքներս մեզ համոզել ենք, որ Նա հեռացել է մեզանից: Հանուն արդարության պետք է նաև ասեմ, որ առանց Աստծո ապրած յուրաքանչյուր օրս ավելի ծանր է եղել, քան այն խնդիրները, որոնք այդ պահին կախված են եղել իմ գլխին:
Պատմեմ՝ ինչ էի զգում այդ դժվարին օրերին: Ես զգում էի, որ առաջ չեմ գնում, մտածում էի շատ եմ հետ ընկել կյանքից, հաջողությունը իսպառ լքել է ինձ, ապրելը դարձել է անիմաստ: Տպավորություն էր, որ իմ ծրագրերը մշտապես փակուղի են մտնում, ձախողումներից բացի ոչինչ չունեի: Զգում էի, որ հոգևոր կյանքում այլևս չեմ աճում, ու շարունակ մտածում էի, որ Աստծո հետ հարաբերություններս շատ կցանկանայի վերանայել, փոխել, այն դարձնել առաջվանը: Ամեն բանից վեր, ուզում էի առաջինը Աստծո հետ հաշտ լինել, որովհետև լավ էի հասկանում, որ դրանից հետո միայն կկարողանամ մնացյալ հարցերում հաջողություններ ունենալ: Ու այս ամենի միջով անցնելուց, երբ արդեն նորովի արժևորեցի կյանքս ու Աստծո հետ իմ հարաբերությունները, հասկացա, որ ամեն բան իր ժամանակն ունի, մեզանից ընդամենը համբերություն է ակնկալվում:
Հիմա շատ ավելի լավ եմ հասկանում հուսահատության մեջ հայտնված մարդկանց և իմ անձնական փորձից գիտեմ այս հիասթափությունների ծանրության ճնշող ազդեցությունը: Այս ամենը գուցե նաև նրա համար էր, որ Տերը տեսնի` արդյո՞ք ես իմ փորձությունների ճանապարհին չեմ ուրանա Իրեն: Գիտեք, երբեմն եղել են պահեր, որ ասել եմ` վերջ դեմ եմ գնում բլոր կանոններին ու անում այնպես, ինչպես ցանկանում եմ, բայց եթե այդպես անեի, միանշանակ դեմ էի գնալու Աստծուն: Ու հենց այդ մտքերի գրոհի ժամանակ, ինչ որ մի ուժ, ինձ հետ էր պահում այդ քայլից, ես հասկանում էի, որ դա իմ ճանապարհը չի: Ես պետք է Աստծո հետ համերաշխ լինեմ, ես իրավունք չունեմ, անել այնպիսի բաներ, որոնց պատճառով վերջնականապես հեռանալու եմ Տիրոջից: