Բոլորս էլ մարտիկներ ենք

Բոլորս էլ մարտիկներ ենք

Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրն է այսօր

 

Սեպտեմբերի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, ինչպես նաև Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվում Սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցիներում։

 

Ո՞վ էր Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարը

 

Սուրբ Գևորգը ծնունդով Կապադովկիայից էր: Մեծացել է քրիստոնյա ընտանիքում, ապա զինվորագրվելով հռոմեական բանակ՝ կարճատև ժամանակի ընթացքում հասել մինչև զորավարի աստիճանին: 

 

Օրվա կայսր Դիոկղետիանոսի համար սիրելի զորավար դարձավ: Երբ վերջինս քրիստոնյաներին հալածելու հրովարտակը պիտի արձակեր, նախ խորհրդակցեց իր մեծամեծերի հետ, որոնց թվում էր նաև Գևորգը: Բոլորը, բացի Գևորգից, որը նախ հաստատեց, որ այդպիսի որոշումը անարդարացի պիտի լինի կայսրության խաղաղ բնակիչների հանդեպ, հավանություն տվեցին կայսրի գաղափարին: Բոլորն էլ կռահեցին, որ Գևորգը քրիստոնյա է և փորձեցին նրան կռապաշտության բերել: Բայց Գևորգն ասաց. «Ես ձեզ բոլորիդ որպես քրիստոնյաներ կցանկանայի տեսնել և ձեռագործ կուռքերին ձեր մատուցվող փառքն ու պատիվը երկնքի և երկրի Արարչին մատուցելիս տեսնեի»: Այս խոսքերի վրա Գևորգը բանտարկվեց և սոսկալի չարչարանքների ենթարկվեց, որոնց քաջաբար տոկաց: Ի վերջո կուռքերին տեսնելու համաձայնություն հայտնեց: Կայսրը նրան ուրախությամբ մեհյան առաջնորդեց, սակայն այնտեղ, Ս. Գևորգն, աստվածային նախանձախնդրությամբ լցված, մեկ առ մեկ կործանեց դրանք: Այս հանդուգն արարքի պատճառով Դիոկղետիանոսն անմիջապես գլխատել տվեց նրան:

 

Առաքելություն և պատգամ 

 

Իր կյանքով, իր առաքելությամբ Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարը մեզ սովորեցնում է կարևորագույնը քրիստոնյայի համար՝ աստվածասիրություն։ Սուրբ Գևորգն օրինակ է արդարացված հավատք ունեցող մի քրիստոնյայի, ով լավ գիտեր իր դերն ու առաքելությունը։ Սուրբը, ինչպես նաև մեր մյուս սուրբ նահատակները, քրիստոնյաներիս սովորեցնում են, որ մեր կյանքի վճռորոշ, դժվարին ու ծանր օրերում էլ պետք է լինենք, քաջ, արի և որ ամենակարևորն է՝ ոչ մի պարագայում չուրանանք Քրիստոսին: 

 

 Սուրբ Գևորգը հաստատում է՝ քրիստոնեությունը թույլերի համար չէ։ Նա երբեք ու երբեք չի հուսահատվում, մշտապես ապավինում է Աստծուն, սակայն նաև ի՛նքն է գործում՝ մարտնչելով, որոշումներ ընդունելով և առաջնորդելով։

 

Խնդրենք սրբի  բարեխոսությունը այս դժվարին ժամանակներում։ Չէ՞ որ մեզ այս դժվարին պահին նույնպես անձնվեր զորավարներ են պետք, չէ՞ որ մենք էլ մարտիկներ ենք։

 
  • 2022-09-24
×