«Ինչո՞ւ չդատեմ նրանց, ովքեր սխալ են գործում։ Չէ՞ որ թվում է, թե ամեն հարմար նախապայման կա այդ ամենի համար։ Մի՞ դատիր։ Իսկ ի՞նչ է, դա դատե՞լ է, թե՞ պարզապես կարծիք հայտնել»։
Զարմանալի՞ են այս խոսքերը։ Իսկ երբևէ մտածե՞լ ենք, որ մենք՝ քրիստոնյաներս, Քրիստոսի հետևորդներս էլ ենք երբեմն ուղղակի կամ անուղղակի կերպով արտահայտում այս միտքը՝ թեկուզ մեր մտքում՝ ծածուկ։ Մի կողմից՝ զարմանալի չէ, քանի որ լիարժեք անմեղ մարդիկ չկան և բնական է, որ մարդ արարածը կարող է մեղքեր գործել։ Սակայն գիտակցված մեղքի ուղով քայլել և սեփական անձի արարքներն արդարացնելը, միևնույն է, զարմանալի են մնում, անգամ եթե այդ մեղքը գործողը հենց մենք ենք։
Օրինակ՝ բամբասանքն ենք արդարացնում ասելով․ «Ես ճիշտն եմ խոսում, արդարության դեմ չպիտի մեղանչեմ»։ Այս ասելով՝ զրպարտում ենք ինչ-որ մեկին և կամ էլ բամբասում նրանից։
Ինչո՞ւ է մարդ ինքն իր աչքերում ամենաանմեղն ու կատարյալը, ինչո՞ւ է մեր կարծիքը գերագույն արժեք մեր աչքերում։ Այժմ կրկին կարող ենք մեղադրել շրջապատին, միջավայրին, ուր ապրում ենք՝ ասելով, թե նրա՛նցն է մեղքը մեր այսպիսի վարքի հարցում։ Մի պահ, սակայն, կանգ առնենք։
«Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ 8:7),- այսպես խոսեց Աստվածորդին, երբ Նրան հարցրին, թե ինչպես վարվեն շնացող կնոջ հետ, ով բռնվել էր իր հանցանքի մեջ։ Այս աշխարհը, մեր միջավայրը, մեր ընկերները, մտերիմները, բոլոր մարդիկ մեր աչքերում հենց այդ շնացող կինն են։ Ով էլ որ լինեն նրանք, որքան էլ որ ծանր լինի նրանց մեղքը, կանգ պիտի առնենք ու հիշենք Քրիստոսի պատվերը՝ առաջին քարը թող գցի անմեղը։ Այս հիշելով՝ երբեք չենք փորձի նեղացնել ու դատապարտել, այլ մշտապես կաջակցենք այն մարդկանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը՝ քարն առաջինը գցելու գործը թողնելով անմեղին։
Ո ՞վ է Նա։ Նա հենց այն մարդն է, ով տվել է այս պատգամը՝ հենց Քրիստոս է, սակայն վերջինս իր ուսերին առավ մարդկության մեղքերը, դրանք մաքրեց իր արյամբ, եղավ խոնարհ ու հեզ։ Փրկիչը ոչ թե մեղադրեց ու դատեց, այլ ծառայեց ու սիրեց, և նույնիսկ այս դեպքում շնացող կնոջը դատապարտող ոչինչ չարեց, այլ ընդամենը ասաց․ «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ 8:11)։