Աստծո համար մեր սրտի մաքրությունն ու հոգու պայծառությունն ամենից կարևորն է։ Ու որքան պակասում են նման մարդիկ, այնքան ավելի շատ ենք զգում նրանց կարիքը։ Ամեն քայլափոխի փորձում ենք լուսավոր ու դրական մարդկանց գտնել ու նրանցով մեր հոգին պայծառացնել։
«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե սրտով մաքուր լինելն որքան կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի համար։ Աստված մեծ նշանակություն է տալիս մարդու սրտի մաքրությանը, ուստի մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե մեր սիրտն ինչպիսի խորհուրդներով ու հոգևոր գանձերով է լցված: Երբ նկատում ենք, որ աստիճանաբար հեռանում ենք աստվածայինից ու մոռանում՝ որն է մեր առաքելությունը երկրի վրա, առաջին քայլը, որ պետք է անենք՝ աղոթքով մեր հոգու դատարկությունը լցնելն է ։
Երբ ասում ենք պետք է հոգին մաքուր պահել, նշանակում է դրանից անբաժան պետք է լինի նաև մտքի մաքրությունը, որովհետև որքան լավ ու դրական ենք մտածում, այնքան հաճելի ենք լինում Աստծո համար։
Ս. Աթանաս Մեծը գրում է, որ մաքուր սիրտ ունեցողն իր էության մեջ կտեսնի Աստծո պատկերը: Հոգու այդպիսի մաքրությունը նման է հայելու, որի մեջ արտացոլվում է Աստծո պատկերը: Իսկ սրտի անմաքրությունը թույլ չի տալիս մարդուն մոտենալ Տիրոջը, այն կարծես փշոտ վարդ լինի, որին մոտենալ ոչ մեկ չի ցանկանում։ Այդ փշերը, կարծես վնասում են մարդու սիրտը՝ բերելով նրա հոգուն մռայլություն և գորշություն:
Առակաց գրքում կարդում ենք. «Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար» (Առակ. 4.22-23):
Մաքուր սիրտ ունենալու խնդրանքն առ Աստված պիտի լինի յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի ձգտման կարևորագույն ճանապարհը, որովհետև միայն այս կերպ է հնարավոր վայելել երկրային կյանքը ու ճանապարհ հարթել դեպի երկնային արքայություն։