Սիրո մասին. Երանելի Սարգիս Շնորհալի

Սիրո մասին. Երանելի Սարգիս Շնորհալի

«Աստված սիրեց մեզ, ուստի մենք ևս պետք է նույն չափով և կամովի սիրենք Նրան, ոչ հարկադրաբար կամ բռնի ուժով, ոչ երկյուղից դրդված կամ աչառությամբ, ոչ վարձքի ակնկալությամբ, այլ՝ սիրով և հոժար կամքով, ինչպես Հայր՝ պատվելով, և ինչպես Աստված՝ ծառայելով:

 

Սակայն տեսնենք՝ բնությա՞մբ ունենք սիրելու զորությունը: Մարդկության ստեղծման առաջին իսկ պահից Արարիչը մեզ սիրելու հատկությամբ ստեղծեց և մեր բնության համար այդքան պատշաճ ու հարմար այլ բան չհամարեց, քան սիրո զգացումը: Հետևաբար,  այն, ինչ բնությամբ մեր մեջ չի դրել, դրա իրագործումը չէր կարող պահանջել մեզանից: Իսկ եթե բնությամբ բարի ցանկացող ենք, ապա Աստծուց մեծագույն բարի ի՞նչ կա, և կամ ո՞ր գեղեցկությունն է առավել, քան Աստծու մեծավայելչությունը, որ երկնքից ու բոլոր արարածների բնությունից առավել վեր բարձրացավ: Նրան սիրենք, ամեն ինչ փոխանակենք Նրա սիրո հետ. ունեցվածքը, սիրելիներին, նույնիսկ մեր մարմինները, և եթե հնարավոր է, նույնիսկ մեր հոգիները: Մերկանանք երկրավոր բաներից և Աստծու սերը փնտրելու ելնենք, միգուցե կարողանանք գտնել այն:

 

Նա ստեղծեց մեզ և ոչնչից գոյության կոչեց, խոսքով պատվեց և պատկերով զարդարեց, իսկ մենք նույնիսկ խոսքով շնորհակալ չենք լինում: Նա մեզ համար ստեղծեց երևելի արարածներին, ամեն ինչի վրա մեզ տեր, իշխան և թագավոր կարգեց, իսկ մենք ուրանում ենք Նրա պարգևները: Նա Իր Միածին ու սիրելի Որդուն մեզ համար տվեց, և էակից ու համագո Սուրբ Հոգուն ուղարկեց, իսկ մենք հանուն Նրա սիրո վշտերի մեջ համբերություն չենք ցուցաբերում:

 

Արդ, տեսնենք հնարավո՞ր է, որ մեկն իսկապես Աստծու սիրուն հասնի: Հնարավոր է, հավատում եմ, թեև ես ինքս անհաղորդ եմ այդ շնորհներին և քաղցրությանը, և զրկված Աստծու սիրուց: Ոմանք ասում են, թե որտեղի՞ց է հայտնի, որ մարդ կարող է հասնել: Բազում օրինակներից և Աստծու օրենսդրությունից, քանզի բնությամբ ամենաբարին անհնար և մեր բնությունից դուրս բան չէր սահմանի և չէր պահանջի, որ մենք կատարենք: Իսկ այն, ինչ պահանջում է մեզանից, բնությամբ մեր մեջ է դրել՝ իր սիրո օրենքը, և մարդկանցից շատերը, որ նույն կարիքների և նույն տկարությանը ենթակա էին, առանց օրենքի և պատվիրանի կարողացան իրապես կատարել այն, ինչպես Աբրահամն էր, որ Աստծու հանդեպ ունեցած սիրով և հավատով շատերի համար օրինակ եղավ և Աստծու բարեկամ կոչվեց և շատ ազգերի հայր եղավ, ու նրանով էին օրհնվում երկրի բոլոր ազգերը: Այդպիսին էին Մելքիսեդեկն ու Հոբը, որոնք զարդարված էին Աստծու սիրով, այդ պատճառով էլ մեկը արդարության ու խաղաղության թագավոր էր կոչվում և Բարձրյալ Աստծու քահանա՝ անմայր, անհայր, անազգ, որպեսզի այդ բոլորով Աստծու Որդու օրինակը հանդիսանա: Իսկ մյուսը անարատ ու արդար այր էր և Սուրբ Գրքի ճշմարիտ վկան, որ իր ունեցվածքն ամբողջովին Աստծու սիրո հետ փոխանակեց և Աստծու դեմ երբեք տրտնջալով չխոսեց, այլ հաստատուն մնաց և Աստծու սիրուց երբեք չհեռացավ: Այդպիսին էին Մովսեսն ու Ահարոնը, և արդարների ողջ ցեղը, ովքեր Աստծու սիրով զորացան, արդարացան ու փառավորվեցին և բոլոր մարդկանցից վեր եղան իրենց պատվով:

 

Այսպիսի սիրով սիրենք նաև մենք, այսպիսի հոժար կամք ունենանք և ամեն հնար օգտագործենք, որպեսզի կարողանանք հասնել Աստծու սիրուն: Քանզի նրանք, որ արդար էին, սիրեցին Աստծուն և նույն սիրով սիրվեցին, սրբվեցին և պսակվեցին նրանից, իսկ մենք, որ մեղավոր ենք, առավել ևս չդադարենք Աստծու սիրո մեջ մնալ, քանի որ ինքն էլ, որ սիրող Աստված է, սիրեց մեղավորներին, եկավ փնտրելու մեղավորներին, մեղավորների համար մարդ եղավ, մարմին առավ ու չարչարվեց: Եվ եթե Նա այսպիսի սեր ցուցաբերեց մեր հանդեպ, մինչդեռ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեր համար մեռավ, որքան առավել, երբ մենք հաշտվենք Նրա հետ, կապրենք Նրա կյանքով:

 

Այս ամենն իմանալով, սիրելինե՛ր, զգույշ լինենք մեր անձերի հադեպ, և այն ամենը, ինչ հակառակ է Աստծու սիրուն, հեռացնենք մեզանից և դրանց փոխարեն Աստծու սիրո զորությունը մեր հոգիներում ընդունենք և դրանով զարդարենք մեր անձերը, Նրանով պսակենք մեր գլուխները, Նրանով սրբենք մեր մտքերն ու սիրտը: Լսե՛նք Որոտման որդուն, որ ավետիս է տալիս և երաշխավոր լինում այս անճառելի շնորհներին և ստանալու օրինակն իրապես ուսուցանում է՝ ասելով. «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16): Տեսնո՞ւմ ես սիրո օրինակը, տեսնո՞ւմ ես Աստծու անճառելի կապը մարդու հետ: Այս շնորհներին արժանի դարձնենք մեր անձերը բարեգործությամբ, որպեսզի կարողանանք հասնել խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Նրա հետ նաև Հորը, միասնաբար և Սուրբ Հոգուն վայել է փառք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

 

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2022-10-03
×