Սրբություն ու բժշկարան դարձած հանճարափայլ պոեմը

Սրբություն ու բժշկարան դարձած հանճարափայլ պոեմը

Բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թվականին՝  եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն: Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Նարեկացին մահացել է 1003 թվականին։ Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ ամփոփվել է նրա աճյունը: Գրել է ներբողներ, գանձեր, տաղեր, «Մեկնություն երգոց Սողոմոնի» (997 թ.), «Ապրանից Սուրբ Խաչի պատմությունը» (980-ական թվականներ) երկերը և այլ գործեր:

 

Սուրբ Գրիգոր Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է, որը բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ» տողով: Պարույր Սևակը, անդրադառնալով «Նարեկ»-ին, գրել է․ «Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել»։

 

«Մատյան ողբերգության» պոեմը զրույց է Աստծո հետ։ Աստծո հետ խոսելիս Նարեկացին ներկայացնում է մարդկությանը բաժին հասած վշտերը, մորմոքները, մեղքերն ու միաժամանակ ինքնամաքրման ճանապարհով կատարելության հասնելու ձգտումը:  Թեև մարդը բազմաթիվ մեղքեր ունի, այդուամենայնիվ, Նարեկացին գթություն է խնդրում Աստծուց և հավատում, որ Տերը կների։ Փրկության հասնելու, Աստծո ներմանն արժանանալու համար հեղինակը խոստովանության ու զղջումի խոսքեր է հղում առ Աստված․

 

«Զի դու հավիտյան օրհնաբանելի ես

Ողորմածությամբ, քան թե սաստկությամբ նախահրաման:

Դարձի՛ր, Տե՛ր, դարձի՛ր քո խնամարկու գթության քաղցրությամբ

Եվ սիրույդ ձրի և ամենառատ պարգևներով սփոփիր մեզ,

Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորված՝ տրտում-տխուր ենք հավետ:

Փրկարար ձեռքդ դնելով կրկին՝ նորոգի՛ր դու մեզ,

Քավելով և պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից»: (ԲԱՆ ԽԸ, է)

 

«Մատյան»-ում Գրիգոր Նարեկացին մանրամասնորեն քննում է մարդուն, նրա  էությունը, հոգում եղած ախտերը։ 10-րդ դարում «մեր առաջին մարդագիրը և մեծագույն մարդերգուն» (բնորոշման հեղինակը Պ․ Սևակն է-հեղ.) իր ամենատես աչքով քննել էր մարդու ոչ միայն հոգին, այլև արտաքինը․

 

«Ահա՛ մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրա

Հրեշտակի ձևով ես կառուցվել դու,

Որպեսզի երկու վերև բարձրացած քո բազուկներով վերասլացիկ,

Իբրև թռչելու համար թև առած՝ դիտես հայրենի աշխարհը բարձրից»: (ԲԱՆ ԽՁ, բ)

 

Մարդը, բնությունը, բնության երևույթները շունչ ու հոգի են առել «Նարեկ»-ում։ Նարեկացին ներկայացնում է նաև Աստծուն.

 

«Սուրբ և ահավոր անուն անպատում, բարձրյալ,

Միշտ ախորժելի, անձկալի փափագ,

Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանված,

Որ բնակվում ես սուրբ վայրում,

Լի ամենազեղ բարությամբ,

Առատաձեռն աննվազելի,

Լույս բարի և ծագումն գովելի,

Երկրպագված փառավորություն,

Ահեղ և անզննելի, ամեն և ամեն ինչի մեջ»:   (ԲԱՆ ՂԳ, ա)

 

Սուրբ Գրիգոր Նարեկացու գլուխգործոցն աչքի է ընկնում նաև իր տաղաչափությամբ, երաժշտականությամբ։ Երաժշտականությունը կերտվում է ձայնավորների ու բաղաձայնների հմուտ կիրառությամբ։ Նա հաճախ է կիրառում նաև բարդ բառեր, որոնք առանձնակի գեղեցկություն են տալիս լեզվին։ 

 

Նարեկացին պոետական լեզվով ներկայացնում է իրականությունը՝ կիրառելով բազմապիսի պատկերավորման միջոցներ։ Նարեկացու կիրառած բանաստեղծական հնարքներն ընթերցողի մտքում բնապատկերներ են վրձնում։

 

«Քանզի, ինչպես առանց սանձակալի երիվարն ուղիղ ընթանալ չի կարող,

Ո՛չ էլ նավն առանց ղեկավարի կշարժվի առաջ,

Ո՛չ արորն ուղիղ ակոս կբանա առանց մաճկալի,

Եվ ո՛չ զույգ լծերն հարմար կընթանան առանց հոտաղի,

Ո՛չ ամպը առանց քամու կչվի,

Ո՛չ աստղերն անժամանակ կցնդեն ու կգումարվեն.

Եվ արևն առանց տարրեղեն օդի իր շրջանը կբոլորի,–

Այդպես նաև ես այդ բոլորի հետ չեմ կարող անել ոչինչ, ոչ մի բան

Առանց բարեգործիդ ակնարկության և հրամանի»։   (ԲԱՆ ԾԴ, բ)

 

«Նարեկ»-ը համեմված է նաև աստվածաշնչյան մեջբերումներով, պոեմում ներկա են Հին և Նոր կտակարանների կերպարները, որոնց միջով կարելի է հասկանալ՝ մարդն ինչ հանցանքներ ու զանցանքներ կարող է գործել կամ որքան խոհեմ ու աստվածավախ կարող է լինել նա: Նարեկացին իր «Մատյան»-ով սովորեցնում է լինել ավելի մարդասեր, աստվածավախ, հանդուրժողական, սեփական սխալները տեսնելու ունակ։ Նա մարդուն ձգտում է տանել դեպի հոգևոր աշխարհ, որտեղ կարևոր է ոգեղենը, ոչ թե նյութականը։ Նարեկացին փորձում է մարդուն մոտեցնել Աստծուն։ Մարդը կարող է Արարչին մոտենալ բարոյական ինքնակատարելագործման միջոցով։ Այդ ճանապարհին կարևոր է հավատալ Արարչին ու հասկանալ Նրա խոսքը, այլապես ինքնակատարելագործման ուղիով ընթանալ հնարավոր չի լինի: Աստծո հանդեպ ունեցած անվերապահ սերն ու հավատն օգնում են վստահ լինել, որ մարդը կարող է փրկության արժանանալ։ Գրիգոր Նարեկացին  հավատում է, որ «Մատյան»-ը կօգնի մարդուն և սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում: Ավելին՝ նա գիտակցում է իր հեղինակած պոեմի անգերազանցելիությունը.

 

«Ու թեև որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ,

Բայց այս մատյանի  հարակայությամբ կմնամ անմահ»:          (ԲԱՆ ՁԸ, բ)

 

Հասմիկ  ԲԱԼԵՅԱՆ

 

  • 2022-10-05
×