Առաջին պատվիրանը սերն է․․․, որ Մովսեսի Օրենքում և Քրիստոսի Ավետարանում բոլոր պատվիրաններից մեծ և առաջինը համարվեց, որովհետև Օրենքի մեջ գրված է․ «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով» (Բ Օրենք․ 6.5): Եվ քո ընկերոջը սիրես քո անձի նման, որովհետև ինչպես քո անձին չար չես կամենա, նույնպես և քո ընկերոջը չես կամենա, և ինչպես քո անձին ես խնամք տանում և բարին կամենում, նույնպես քո ընկերոջն ես կամենում, որովհետև ընկերոջ հանդեպ սերը հավասար է Աստծո հանդեպ սիրուն։ Ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում․ «Եթե եղբորդ, որ տեսնում ես, չես սիրում, ապա Աստծուն, որին չես տեսնում, ինչպե՞ս կարող ես սիրել» (Ա․ Հովհ 4.20):
Եվ ամեն ոք, ով ասում է, թե սիրում է Աստծուն, բայց ատում է ընկերոջը, սուտ է ասում, որովհետև ով մարդասեր չէ՝ նա աստվածասեր էլ չէ։ Եվ Քրիստոս ասում է, թե՝ «Եթե սիրեք մեկմեկու, այնժամ ցույց կտաք, թե իմ աշակերտներն եք և քրիստոնյաներ։ Եվ ինչպես ես ձեզ սիրեցի, պարտավոր եք և դուք մեկմեկու սիրել» (Հմմտ․ Հովհ 13.34-35):
Եվ Քրիստոս Ինքը այնպես սիրեց մեզ, որ իր անձը մահվան մատնեց մեր համար։ Նույնպես յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է, որ իր անձը մահվան մատնի հանուն իր եղբոր, ընկերոջ և հավատակցի։ Ապա ի՞նչ պատասխան պետք է տան նրանք, ովքեր սիրո փոխարեն ատում, չարախոսում, մատնում ու զրկում են։
Հատված «Սուրբ հայրերը խրատում են» գրքից