Հիմա գլխավորը հույսն Է

Հիմա գլխավորը հույսն Է

«Արմատախիլ արեք ձեզնից ամեն դառնություն, բարկություն ու զայրույթ, գոռգոռոց ու հայհոյություն, և այդպիսով կանխած կլինեք դրանց չար հետևանքները»։

Եփեսացիս 4:31

 

Դժվար ժամանակներ են նորից։ Պատերազմող երկրում ապրել նշանակում է ունենալ ապահովության անընդհատ կորսվող զգացում, լինել մշտական տագնապի մեջ, չհասցնել վերականգնել հոգեկան առողջությունը, աչքերը բացելուց հետո առաջինը ստուգել լրատվությունը՝ նոր հարձակում կա՞, սահմանում ի՞նչ վիճակ է։ Սա բոլորի՛ս մասին է, մենք նույն վիճակում ենք․ պատերազմը հավասարեցնում է մեզ, ինչպես մահը։ Նույնիսկ եթե մեռնողը մենք չենք, նույնիսկ երբ զոհվողը մեր եղբայրը կամ քույրը չէ։ Հայաստանի արևելյան սահմանի կարմիր գծանշումները՝ թեժ մարտեր խորհրդանշող, յուրքանչյուրիս սրտի վերքն է։ Սրա հետ ապրել է պետք։ Ի՞նչպես ապրել դժվար ժամանակներում։ Ինչպե՞ս չվնասել ու չվնասվել։ Ինչպե՞ս մնալ ամուր, ինչի՞ վրա հույս դնել։ Այս հարցերն եմ ինքս ինձ տալիս։ Վատ եմ ու լավ չեմ։ Հիմա ո՞վ է լավ։ Երբ երկրում պատերազմ է, քո սեփական-անձնական խնդիրները երկրորդվում են, բայց չեն վերանում։ Ծա՛նր է, ծա՛նր է, ծա՛նր է։ Ես լավ քրիստոնյա չեմ, որովհետև հույսս հաճախ եմ կորցնում։ Հույս ունենալու համար ինձ օգնություն է պետք՝ Վերից, Ամենավերևից։ Եվ հույսը գալիս է։ Աղավնու տեսքով․․․

 

Ծանր, տագնապային օր է սկսվել․ ամուսնուս հետ նստած ենք մեր տան փակ պատշգամբում։ Բարդ խոսակցություն ունենք՝ անձնական, անանձնական։ Մեր ապագայի հարցերն ենք քննարկում՝ որոշ հարցերը՝ բոլորովին մշուշոտ, երկրի մասին հարցերը՝ ցավոտ, տագնապային։ Հանկարծ մի աղավնի բաց պատուհանից մտնում է ներս։ Մտնում է մեր տուն։ Սրտիս վրա կուտակված ամբողջ ծանրությունն անմիջապես ընկնում է ներքև ու փշրվում, անհետանում։ Երկնքը խոսում է ինձ հետ ամենապարզ նշանների լեզվով։ Փորձում ենք աղավնուն դուրս հանել, չի գնում։ Թառել է մի անկյունում ու շուրջն է նայում։ Խաղաղության, խաղաղության համար աղոթք։ Միգուցե թև՞ն է վնասել խաղաղության աղավնին։ Ձեռքս մոտեցնում եմ, չի փախչում։ Շոյում եմ։ Երբևէ աղավնու չեմ դիպչել. տաք փխրունություն ափիս մեջ։ Էլ ի՞նչ է ինձ պետք, որ ապաքինվեմ, ուժերս հավաքեմ, հույս ունենամ։ Տաք արցունքներ՝ դեմքիս։

 

Տագնապն ու անհուսությունը վարակիչ են․ այդպես են ծնկի բերում ամբողջ ժողովուրդների, այդպես է արատավորվում, թունավորվում մի ամբողջ հանրություն։ Երբ տագնապն ու ապագայի հանդեպ վախը ահռելի չափերի է հասնում, մարդը սկսում է մեղավորներ փնտրել․ ամենահեշտը մեղադրելն է  կողքինին, դատափետելն է ում կարող ես, ում տեսնում ես, ում գիտես, որովհետև քո ցավի, տառապանքի ու անհուսության համար իսկապես մեղավորները հեռու են քեզնից․ անհասանելի են, նույնիսկ՝ անտեսանելի։ Որպեսզի ինչ-որ կերպ արտահայտենք մեր վախը, մենք կռվում ենք կողքինի հետ, ամենահասանելի մարդու վրա ենք թափում մեր զայրույթը, որոշում, թե այդ մեկը հատկապես ինչպես պիտի դրսևորի իրեն, ըստ մեր իմացած ճշմարտության ինչպես պիտի շնչի, ապրի, գործի։ Ցավոք, սա ամենակարճ ճանապարհն է դեպի ինքնաոչնչացում․ թշնամին իր ամենամեծ խաղադրույքը հենց այս շղթայական ռեակցիայի վրա է արել։ Որ ցավից, տագնապի չանցնող զգացումից, անզորությունից դրդված կհոշոտենք իրար, կբարոյալքվենք մինչև վերջ, ու մեզնից չի մնա ոչինչ։ Դրա համար է հույսը կարևոր, դրա համար է իմ տուն մտած աղավնին վերջերս հետս պատահած լավագույն բանը։ Որովհետև հույսն ամենակարևոր բանն է և այն ևս վարակիչ է։

 

Եթե հույս չունենամ, կցամաքեմ, կսևանամ ու կսևացնեմ շուրջս։ Կան մարդիկ, ովքեր հավատում են ինձ, լսում են ինձ, հույսով են լցվում իմ միջոցով, և ես պատասխանատու եմ այդ մարդկանց համար։ Ձեզնից յուրաքանչյուրի կյանքում կան մարդիկ, ովքեր լսում են ձեզ ու հավատում։ Փնտրեք հույսը, խաղաղության ու հրաշքի նշաններն ամենուրեք ու պատմեք այդ մասին։ Եղե՛ք լույսը։ Չես կարող քեզ քրիստոնյա կոչել, թե հույս չունես։ Թե մենք մեզ քրիստոնյա ենք կարծում, հույսը մեր ամենամեծ զենքը պիտի լինի, հատկապես նման դժվար ժամանակներում։ Որովհետև չվախենալ չենք կարող, չենք կարող չտագնապել, ցավ չզգալ․ պատերազմում ենք։ Բայց աններելի է հույս չունենալը, ապագայի հանդեպ հոռետեսությամբ լցվելը, խաղաղությանը չհավատալը։ Դա հավասար է Աստված չունենալուն, դա հավասար է ուրանալուն այն զորեղ ձեռքերը, որոնք փրկել են մեզ ամեն անգամ, փրկել են աղետներից, արհավիրքներից բոլոր, անհույս ու մութ ժամանակներից։ Այսօր ամենակարևորը սերը չէ, հու՛յսն է։ Իմ ամենամութ օրը իմ տուն մտած աղավնին հերիք է, որ իմանամ՝ պաշտպանված եմ, որ ամեն բան լավ է լինելու։ Խաղաղությունը պիտի գա որպես պարգև, որպես հնարավորություն՝ նոր կյանքի, նոր ժամանակների, գիտակցության նո՛ր շեմի։ Բայց խաղաղությունը մեզ պիտի հույսով լի՛ գտնի։ Ամեն ինչից առաջ հու՛յս ունեցեք, այս դժվար ու ծանր ժամանակներում, և խաղաղությունը կգա։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

 

  • 2022-10-11
×