«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»: Մատթեոս 28:19
Մկրտությունը և Դրոշմը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի, որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում:
Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն իր կանոնների, որոնք գրվել են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից և սուրբգրային հիմքեր ունեն: Մկրտության խորհրդի կատարումը՝ «մկրտվել»-ը, նշանակում է լվացվել, մաքրվել: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից: Մկրտության խորհրդի նախօրինակ է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում՝ սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից: Ինչպես բոլոր խորհուրդները, այդպես էլ մկրտություն կատարողը Սուրբ Հոգին է, որ իրականացվում է հոգևորականի միջնորդությամբ: Այսպիսով՝ ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով (տե՛ս Հովհաննես 3:5), որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող սուրբ Մյուռոնով: Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի հրամանի (Մատթեոս 28:19), և քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով: Հարկ է, որ չափահաս մկրտվողն այս խորհրդին մոտենա ինքնաքննությամբ և ապաշխարությամբ, քանի որ պատրաստվում է Քրիստոսով հոգևոր ծնունդ առնել: Այս պատճառով Մկրտության խորհրդի արարողության սկզբում քահանան մկրտվողին հրաժարեցնում է սատանայից և նրա բոլոր խաբեություններից, այսինքն` մեղքից, որից լվացվելու է մկրտության սուրբ ավազանի մեջ: Այնուհետև, լսելով նրա հավատքի ուղղափառ հայտարարությունը և մկրտվելու ցանկության հավաստիացումը, եթե մկրտվողը մանուկ է, նրան եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանի ջրի մեջ երեք անգամ ընկղմում է, իսկ եթե չափահաս է, երեք անգամ վրան ջուր է հեղում՝ արտասանելով Հայոց Եկեղեցու մկրտության բանաձևը. «Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի Արյամբ գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:
Դրոշմի խորհուրդը կատարվում է քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մյուռոնով օծելով, դրոշմում է մկրտվածի մարմնի տասներեք մասերը՝ ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք, աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար, ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար, հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար, բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար, ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար, սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար, թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար, ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:
Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, որով մկրտվածը՝ Աստծո որդեգիրն է դառնում:
Նա ընդունում է Սուրբ Հոգին՝ արժանանալով Սուրբ Հոգի Աստծո ներբնակությանը, ստանում է Աստծո զորակցության ու պաշտպանության պարգևները որպես ճշմարիտ քրիստոնյա ապրելու համար և կնքվում է փրկության օրվա համար:
Մկրտվածին դրոշմելուց հետո քահանան օրհնում է նրան հետևյալ խոսքերով. «Խաղաղությո՛ւն քեզ, ո՛վ Աստծո փրկյալ: Խաղաղությո՛ւն քեզ, ո՛վ Աստծո օծյալ» և Սուրբ Հաղորդություն տալով՝ ավարտում է ամբողջ ծեսը:
Հայոց Եկեղեցին արգելում է Մկրտության խորհրդի կրկնումը, քանի որ այն վերստին (հոգևոր) ծնունդ լինելով՝ մարմնավոր ծնունդի պես մեկ անգամ է կատարվում: Ուստի, տարբեր աղանդների կողմից խաբեությամբ կատարվող կրկնամկրտությունը թե՛ մեղք է և թե՛ հակասում է Սուրբ Գրքին: Աղանդավորների կատարած մկրտությունն անվավեր է, քանի որ չի կատարվում առաքյալների իրավահաջորդի՝ քահանայի ձեռքով և առաքելական ավանդության համաձայն չէ:
Պատրաստեց
Մարիետտա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ